Շաբաթ, 20.04.2024, 06:03Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Պորտի հիվանդություններ


Բնածին պորտալարային ճողվածք։ Այս ճողվածքի դեպքում պորտային անցքից որովայնի ներքին օրգանները դուրս են գալիս պորտալարի լուսանցքի մեջ։ 
Ճողվածքապարկը կազմված է որովայնամզի մակերեսային թերթիկից և ամնիոնի թափանցիկ թաղանթից։ Ճողվածքի մեծությունը կախված է նրա պարունակությունից (ճարպոն, ստամոքս, աղիքներ, լյարդ և այլն)։ Պորտալարային ճողվածքը երբեմն կարող է լինել նորածին մանկան գլխի չափ։ Մեծ ճողվածքների ժամանակ ճռղվածքապարկի պատռման վտանգ է առաջանում, որը կարող է. տարածված պերիտոնիտի պատճառ դառնալ։ Այս հիվանդության մյուս վտանգն էլ այն է, որ կարող է աղիքների մեխանիկական անանցանելիություն առաջացնել՝ աղիքների գալարումից։ Փոքր ճողվածքների դեպքում ճողվածքապարկի պարունակությունը ներուղղվում է և ճողվածքային անցքն աստիճանաբար փակվում է։ Բուժումը միայն վիրահատական է։


Ավելի հաճախ հանդիպում է պորտային ճողվածքը։ Վերջինս զարգանում է նորածինների կյանքի ավելի ուշ շրջանում, երբ ձևավորվում է պորտը։ Աղջիկների մոտ պորտի ճողվածքը 2-3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղաների մոտ։ Ճողվածքի այս ձևի ժամանակ ճողվածքապարկը դրսից ծածկված է լինում մաշկով։ Ճողվածքի առաջացմանը նպաստում են այն գործոնները, որոնք բարձրացնում են ներորովայնային ճնշումը։ Այդպիսիք են հաճախակի լացը, հազը, փորկապությունը, ինչպես նաև թերսնուցումը և ռախիտը, որոնք ուղեկցվում են որովայնի առաջնային պատի մկանների տոնուսի իջեցմամբ։


Փոքր երեխաների պորտի ճողվածքը բուժվում է կոնսերվատիվ ձևով։ Դրվում է վիրակապ։ Անհրաժեշտ է ճիշտ սնուցում, ռեժիմ, մարմնամարզություն և մերսում։ Երեխային պետք է պառկեցնել փորի վրա, օրը 3-4 անգամ, 3-10 րոպե տևողությամբ։ Մեծ ճողվածքների ժամանակ ցուցված է վիրահատական բուժումը։ Առաջարկվում է վիրահատումը հետաձգել մինչև երեխայի 2-3 տարեկան դառնալը, քանի որ այդ տարիքում ճողվածքային բացվածքը կարող է ինքնաբերաբար փոքրանալ և ճողվածքը կարող է վերանալ։


ՊՈՐՏԱՂԻՔԱՅԻՆ ԾՈՐԱՆԻ ԽՈՒՂԱԿ (Ductus omphalo-mesentericus persistans): 
Պտղի մոտ այս ծորանի օգնությամբ պորտը միանում է բարակ աղիքի հետ: Ներարգանդային կյանքի VII շաբաթում այն խցանվում է։ Որոշ դեպքերում ծորանը կարող է պահպանվել և առաջացնել խուղակ, որը լինում է`

 

  • լրիվ 
  • մասնակի։


Ծնվելուց հետո երեխայի պորտի խորքում մնում է փոքրիկ անցք, որից արտադրվում է շիճ։ Նման դեպքերում պորտը մշտապես թաց է։ Եթե խուղակը մասնակի է, ապա նրա անցքը գտնելով կարելի է զոնդով ներթափանցել, բայց ոչ շատ խոր։


Լրիվ խուղակի դեպքում պորտի խորքում երևում է կարմիր գույնի պոլիպանման գոյացություն, որը հեշտությամբ արյունահոսում է։ Անցքից արտադրվում է շիճ, երբեմն՝ գազերի պղպջակներ ու աղիքների լեղախառն պարունակություն։ Խուղակի այս ձևի ժամանակ զոնդը կարելի է մտցնել խոր, երբեմն մինչև աղիքը։


Պահանջում է վիրահատական միջամտություն։


Պորտաղիքային ծորանի խուղակը պետք է տարբերել միզածորանի խուղակից (urachus persistans)։ Այս հիվանդության ժամանակ պահպանվում է միզածորանը, որը ձգվում է միզապարկի գագաթից մինչև պորտը և առաջացնում է միզապարկ-պորտային կապանը (ligamentum vesiculo- umbilicale):


Այս հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում է նրանով, որ խուղակից արտադրվում է մեզ, վերջինս ունենում է թթվային ռեակցիա (ի տարբերություն աղիքի պարունակության, որն ունի հիմնային ռեակցիա)։ Մեզը կարելի է տարբերակել նաև նրանով, որ պարունակում է միզաթթու։ Ախտորոշման նպատակով կարելի է ենթամաշկային ներարկել մեթիլեն կապույտի լուծույթ։ Միզածորանի խուղակի դեպքում արտադրությունն ունենում է կապույտ գույն։ Պահանջում է վիրաբուժական միջամտություն։


ՊՈՐՏԻ ՎԱՐԱԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 
(Omphalitis-պորտի բորբոքում)։ Պորտի շատ առավել հաճախ հանդիպող վարակային հիվանդություն է։ Պորտավերքը կարմրում է, ուշ է լավանում, շճային կամ շճաթարախային արտադրության պատճառով թաց է լինում։ Պորտավերքի շրջանում կարող է առաջանալ ինֆիլտրացված եզրերով ոչ մեծ խոց, որի հատակը ծածկված է կանաչագորշավուն փառով։ Պորտի խոցը (ulcus umbilici) կարող է զարգանալ ինքնուրույն կամ, ավելի հաճախ, որպես պորտային վերքի բորբոքային պրոցեսի շարունակություն։


Ներկայումս շատ հազվադեպ հանդիպում է նաև պորտի փտախտը (գանգրենան)։ Այս դեպքում խոցաթարախային պրոցեսը տարածվում է պորտի շրջակա մաշկի վրա, hաճախ անցնում է ավելի խորը` բորբոքային պրոցեսում ընդգրկելով որովայնամիզը։


Բորբոքման գանգրենոզ ձևի ժամանակ վերքը լինում է գորշագույն, թաց և գարշահոտ արտադրությամբ։


Բուժումը պետք է սկսել հիվանդության աոաջին նշանների ի հայտ գալուց անմիջապես հետո և համառ ձևով շարունակել մինչև նորածնի լրիվ առողջացումը։


Թաց պորտի ժամանակ անհրաժեշտ է շատ լայն բացազատել պորտի եզրերը և վերքն այրել ազոտաթթվական արծաթի 5%-անոց սպիրտային լուծույթով, ապա ցանել դերմատոլ, քսերոֆորմ կամ որևէ սուլֆանիլամիդ։ Առատ թարախային արտադրության դեպքում անհրաժեշտ է վերքը լվանալ ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթով կամ պենիցիլինի լուծույթով, հետո այրել ազոտաթթվական արծաթով, ցանել ախտազերծող փոշիներ։


Ջերմության բարձրացման, ընդհանուր անհանգստության կամ թարախային պարունակության առաջացման դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ, ինչպես նաև՝ ընդհանուր խթանող բուժում։


Երբեմն պորտային վերքի ապաքինման ձգձգման դեպքում կարող է առաջանալ գրանուլացիոն հյուսվածքի գերաճ, գրանուլացիոն պոլիպի կամ սնկիկի ձևով (fungus umbilici)։


Աճած գրանուլացիոն հյուսվածքն անհրաժեշտ է օրը 1-2 անգամ այրել ազոտաթթվական արծաթով։ Ոտիկ ունեցող գրանուլոմ ները կարելի է կապել ախտազերծված մետաքսաթելով կամ կտրել հականեխված մկրատով։


Երբեմն վարակը կարող է պորտային անոթներով տարածվել և առաջացնել վերջիններիս բորբոքում (զարկերակի բորբոքման ժամանակ՝ պորտային պերիարթերիիտ (periarteriitis umbilicalis), երակի բորբոքման դեպքում՝ ֆլեբիտ (phlebitis umbilicalis)։


Պորտային զարկերակների բորբոքումը հանդիպում է շատ ավելի հաճախ, քան երակներինը։ Դա բացատրվում է այդ շրջանի անոթների անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկություններով։ Զարկերակի շարակցահյուսվածքային պատյանը երկու անգամ ավելի հաստ է, քան երակինը, որի հետևանքով էլ նպաստավոր պայմաններ է ստեղծվում միկրոբների կանգի և բազմացման համար։


Պետք է հիշել որ պերիարթերիիտների ժամանակ պորտը և պորտային վերքը հաճախ արտաքնապես առողջ տպավորություն են թողնում, և ախտաբանական պրոցեսը կարող է արտահայտվել միայն ջերմության պարբերական բարձրացումով, ընդհանուր անհանգստությամբ, մարմնի զանգվածի անբավարար ավելացումով և այլն։ Հաճախ կարելի է շոշափման միջոցով պորտի անոթների հաստացում և կարծրացում հայտնաբերել։ Հիվանդության ընթացքը հիմնականում կախված է բորբոքման բնույթից։ Հատկապես ծանր, մեծ մահացությամբ են ընթանում անոթների բորբոքման ֆլեգմանոզ ձևերը։


Բուժումը։
Լավ խնամք, պորտի շրջանի և անոթների տաքացնող կոմպրեսներ, լայն ազդեցության հակաբիոտիկներ, արյան ու պլազմայի ներարկումներ։ Բոլոր դեպքերում անհրաժեշտ է վիրաբույժի կոնսուլտացիա։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites