Թոքի կամ նրա որևէ հատվածի ախտաբանական վիճակն է, երբ թոքային ալվեոլները օդ չեն պարունակում կամ պարունակում են շատ քիչ քանակությամբ, ենթարկվում են թորշման ու սեղմման։ Տարբերում են`
- բնածին ատելեկտազներ
- ձեռքբերովի ատելեկտազներ։
Բնածին են համարվում նորածնի չշնչած թոքերը կամ թոքի աոանձին չշնչած հատվածը, իսկ ձեռքբերովի՝ մինչև այդ շնչած թոքերի ալվեոլների երկրորդային սեղմումը։ Բնածին ատելեկտազը հաճախ հանդիպում է անհաս երեխաների մոտ՝ բրոնխների զարգացման արատների, շուրջպտղային ջրերի ասպիրացիայի դեպքերում (տե՛ս«Պնևմոպաթիաներ»):
Ատելեկտազը երեխաների մոտ շատ հաճախ հանդիպում է աջ թոքի ստորին և միջին բլթերում։ Այն կարող է զարգանալ նաև այլ հատվածներում, մասնավորապես երկու թոքերի վերին բլթերում` հատկապես թոքաբորբերի և բրոնխային ասթմայի ժամանակ։ Երեխաների մոտ շնչափող-բրոնխային ծառի լուսանցքի նեղ լինելը և շնչափողի ու բրոնխների լորձաթաղանթների կողմից հիպերերգիկ ռեակցիաների հակումը բարենպաստ պայմաններ են ստեղծում թոքերի ատելեկտազի զարգացման համար։
Այս ախտաբանության առաջացմանը նպաստում են շնչափող-բրոնխային ծառում օտար մարմինների հայտնվելը, սուր թոքաբորբերի տարբեր ձևերը, բրոնխային ասթմայի ժամանակ՝ բրոնխոսպազմը։
Ատելեկտազի կլինիկական ախտանիշները կախված են հիմնական հիվանդությունից և ատելեկտազի տարածման աստիճանից (սեգմենտ, բիլթ, թոքն ամբողջությամբ):
Սուր զարգացող տարածուն ատելեկտազը կարոդ է առաջացնել շնչառության խանգարում, հևոց, ցիանոզ։ Թոքի ատելեկտազը երեխաների մոտ կարող է զարգանալ նաև աստիճանաբար։ Ախտահարված թոքի վրա հայտնաբերվում է պերկուտոր հնչյունի կարճացում, շնչառության թուլացում։ Ռենտգենաբանական քննությամբ նկատվում է թոքի փոքրացած սեգմենտի կամ բլթի խիստ սահմանափակ եռանկյուն ստվեր, իսկ շրջակա հյուսվածքում՝ բարձրացած թափանցելիություն։
Ատելեկտազի բուժումը կախված է հիմնական հիվանդությունից։ Երեխաների բուժման տակտիկան պետք է լինի առանձնապես ակտիվ, քանի որ նրանց մոտ, ի տարբերություն չափահասների, թոքերի ատելեկտազի ենթարկված բաժիններում ձևաբանական փոփոխություններն արագ են զարգանում։