Վաղ հասակի երեխաների ստամոքս-աղիքային տրակտի շարժումախանգարումների (դիսկինեզիաների) ամենահաճախ հանդիպող ձևն է։
Պիլորոսպազմի առաջացման պատճառները վերջնականապես լուսաբանված չեն։ Ըստ նյարդածին տեսության, հիվանդության հիմքում ընկած է ստամոքսաելքի նյարդային ծագում ունեցող կարկամումը, առանց օրգանական փոփոխությունների։
Ստամոքսաելքի կարկամումը հիմնականում հանդիպում է նյարդային համակարգի բարձր գրգռականություն ունեցող երեխաների մոտ։
Հիվանդությունը հաճախ սկսվում է կյանքի առաջին օրերին։ Փսխումները կարող են լինել հաճախակի, բայց ոչ ամեն օր։ Փսխման հաճախականությունը որոշակի տատանումներ է ունենում։ Փսխումը առաջանում է կերակրելուց 10-30 րոպե հետո։ Փսխման զանգվածը լինում է ոչ մեծաքանակ՝ ավելի քիչ, քան կերածը։ Պիլորոսպազմի համար շատ հատկանշական է «լուսավոր» ժամկետների առկայությունը, երբ 1-3 օրվա ընթացքում փսխում բոլորովին չի լինում։ Երեխան սովորաբար լինում է դյուրագրգիռ, հաճախ լալիս է, զանգվածը դանդաղ է ավելանում։
Բուժման նպատակով ավելացնում են կերակրումների հաճախականությունը՝ 2-2,5 ժամը մեկ, 5-10 րոպե տևողությամբ։ Յուրաքանչյուր կերակրումից հետո երեխային տալիս են ուղղահայաց դիրք՝ 1-2 րոպե տևողությամբ։ Նպատակահարմար է յուրաքանչյուր կերակրումից կամ մի քանի կերակրումներից առաջ տալ 1-2 թեյի գդալ 10%-անոց սպիտակահատ ձավարի (մաննայա) շիլա (պատրաստված կրծքի կաթով)։ Խիտ կերակուրը պակասեցնում է ստամոքսի պերիստալտիկան, կանոնավորում է տոնուսը։
Լավ արդյունք են տալիս կարկամությունը վերացնող դեղանյութերը (սպազմոլիտիկները)՝ ատրոպինի 0,1%-անոց լուծույթը, 2-3 կաթիլից) օրը 3-4 անգամ, նախքան կերակրելը, պապավերինը, նոշպան, ամինազինը, նովոկաինը, ցերուկալը։
Արտահայտված անհանգստության դեպքում նշանակում են բրոմ, լյումինալ՝ ըստ տարիքի։