Գլխուղեղի էմպիեմաները համարվում են գլխուղեղի թարախաօջախային ախտահարումների համեմատաբար հազվադեպ հանդիպող ձևերից, սակայն նրանց բնորոշ է առավել սուր սկիզբը, առաջընթաց զարգացումը, բարձր մահացությունը, հաշմանդամության մեծ տոկոսը և ախտորոշման բարդությունները: Մինչ հակաիբիոտիկների կիրառումը սուբդուրալ էմպիեմաներից մահացությունը կազմում էր 75-100%: Գլխուղեղի էմպիեմաները առավելապես ախտահարում են երիտասարդ տարիքը (հիվանդների միջին տարիքը 25-30 տարեկան): Դրանք հիմնականում կոնտակտային ծագում ունեն (սինուսոգեն, հազվադեպ հետվնասվածքային):
Մեր հսկողության տակ եղել են գլխուղեղի էմպիեմայով 17 հիվանդներ, դրանցից 12-ը կոնտակտային սինուսոգեն, 3-ը օտոգեն, 1-ը օդոնտոգեն, 1-ը հետվնասվածքային: Հիվանդներից 16-ը եղել են արական սեռի ներկայացուցիչներ: Նրանցից 13-ը եղել են 11-ից 40 տարեկան: Բոլոր հիվանդների մոտ հիվանդության սկիզբը եղել է սուր, արտահայտված մենինգեալ նշաններով, գիտակցության խանգարումներով: Ախտորոշումը ճշտվել է 16 դեպքերում համակարգչային շերտագրում հետազոտությամբ, մեկ դեպքում վիրահատության ժամանակ: 7 դեպքերում կատարվել են կրկնակի վիրահատություններ: 17 հիվանդներից ապաքինվել են 14-ը, 3 հիվանդներ մահացել են:
Կլինիկական ընթացքին բնորոշ է հիվանդության առավել սուր սկիզբը, գիտակցության խորը խանգարումը` սոպորի կամ կոմայի մակարդակով, օջախային ախտանիշների զգալի արտահայտված լինելը, մարմնի ջերմության բարձր լինելը, ընդհանուր ինտոքսիկացիան: Ախտորոշման իմաստով մեծ դեր ունի գլխուղեղի նեյրովիզուալիզացիայի հետազոտությունների կիրառությունը (համակարգչային շերտագրում, մագնիսառեզոնանսային շերտագրում): Հետազոտական այլ եղանակների տվյալները վերջնական ու սպառիչ չեն:
Բուժումը բացառապես վիրահատական, շտապ ցուցումներով, կատարելով լայն ռեզեկցիոն կրանիէկտոմիա, կարծրենու լայն բացվածքով սուբդուրալ էմպիեմաների ժամանակ: Նյարդավիրաբուժական վիրահատության ընթացքում կամ դրանից հետո առաջնային օջախի սանացիա: Հիվանդությունն ունի կրկնվելու մեծ հավանականություն:
Հետագա բուժումը` ինտենսիվ հակաբորբոքային, հնարավորության դեպքում, հակաբիոտիկոգրամմայի տվյալները հաշվի առնելով, կամ լայն սպեկտրի հակաբիոտիկների կիրառում` հաշվի առնելով նաև անաէրոբ միկրոֆլորայի առկայությունը:
Այսպիսով` գլխուղեղի էմպիեմաներին, ի տարբերություն թարախակույտերի, բնորոշ է հիմնականում սինուսոգեն ծագումը, արական սեռի երիտասարդ անձանց հիվանդացությունը, հիվանդության կլինիկական դրսևորման սուր սկիզբը` բորբոքային և օջախային ախտանիշներով, բուժման զուտ կոնսերվատիվ ձևի աննպատակահարմարությունը, լայն ռեզեկցիոն կրանիէկտոմիայի կիրառման անհրաժեշտությունը, ռեցիդիվի մեծ հավանականությունն ու բարձր մահացությունը: