Հեստացիայի ախտաբանությամբ մայրերից ծնված երեխաների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակի վերլուծությունը
ժամանակակից պերինատոլոգիայում գրանցված առաջընթացը հանգեցրեց նոր խնդիրների լուծման անհրաժեշտությանը, որոնք կապված են պտղի անտենատալ պաշտպանության և հեստացիոն պրոցեսի հետ [3,7,13,15]: Առաջնակարգ դերը պատկանում է քրոնիկական ընկերքային անբավարարությանը, որը լինելով հղիության ամենահաճախակի բարդությունը (14-ից - 22%), ուղեկցվում է հիպօքսիայով, պտղի ներարգանդային աճի դանդաղումով: Այն պերինատալ հիվանդացության (մինչև 60%) և մահացության ամենահաճախակի հանդիպող պատճառներից մեկն է [2,7,8,10,15]: Պտղի ներարգանդային քրոնիկական հիպօքսիայի պատճառները հետևյալներն են` հղիության ախտաբանություն (շաքարային դիաբետ, ինֆեկցիաներ, անեմիա, անոթային հիպերթենզիա և այլն), բազմաջրություն, սակավաջրություն, բազմապտուղ հղիություն և այլն [2,3,13,15]:
Քրոնիկ ընկերքային անբավարարության հետևանքով պտուղը զարգանում է երկարատև քրոնիկ հիպօքսիայի պայմաններում, որն էլ իր հերթին անտենատալ շրջանում ԿՆՀ (կենտրոնական նյարդային համակարգ)-ի ախտահարման հիմնական պատճառ է դառնում (Баканов М.И., Алатырцев В.В.; 2003.) [5]:
Նեոնատալ շրջանում ԿՆՀ-ի վիճակի գնահատման տեխնիկական հնարավորությունների լայնացումը կմեծացնի ուղեղի պերինատալ ախտահարումների բացահայտման հաճախականությունը և կվերացնի նշված թերությունները [1,9,10,17]: Այս առումով վերջին տարիներին սկսել են ակտիվորեն քննարկել օբյեկտիվ լաբորատոր ցուցանիշների օգտագործումը, որոնք վկայում են ԿՆՀ-ի անբարեհաջող վիճակի մասին [1,4,6,11,16]: Նյարդային համակարգի վնասման մարկերների ճշտումը և նրանց պաթոգենետիկ նշանակության հիմնավորումը վաղ ախտորոշման և վիճակի ծանրության գնահատման, բուժման հնարավորին չափ վաղ սկզբի համար ունի հսկայական նշանակություն: Օտարերկրյա գիտնականների կողմից կատարված մի շարք հետազոտություններ վկայում են ՆՍԷ-ի (նեյրոսպեցիֆիկ էնոլազա) ախտորոշիչ նշանակության օգտին [14,18,19]: Վերջին տարիների ուսումնասիրություններում հայտնվեցին հաղորդագրություններ պերինատալ հիպօքսիա տարած երեխաների կենսաբանական հեղուկներում բիոքիմիական (նեյրոսպեցիֆիկ էնոլազա, միելին հիմնական սպիտակուց, գլիոֆիբրիլյար թթու սպիտակուց) ցուցանիշների վաղաժամ որոշման տեղեկատվական լինելու վերաբերյալ [1,5,10,12]: Ա. Իսիազի և Մ.Կոլբերի կողմից կատարված փորձարարական ուսումնասիրություններով [5] ցույց տրվեց, որ ՆՍԷ-ի մակարդակի բարձրացումը կախված է գլխուղեղի վնասման ծանրության ասիճանից: Նույն հեղինակների կողմից հետազոտվել են մենինգիտով, մենինգոէնցեֆալիտով երեխաններ: Արդյունքում բացահայտվել է արյան մեջ էնոլազայի մակարդակի և ախտաբանական պրոցեսի ծանրության միջև եղած կորելյացիոն կապը:
Նեյրոսպեցիֆիկ էնոլազան (ՆՍԷ) - ԿՆՀ-ի ներբջջային ֆերմենտ է, որը հանդիպում է նեյրոէկտոդերմալ ծագման բջիջներում (գլխուղեղի նեյրոններում և պերիֆերիկ նյարդային հյուսվածքում): Ներկայումս ՆՍԷ-ն դիտարկվում է որպես նեյրոնների վնասման առավել բնորոշ մարկեր, ծառայում է որպես ինդիկատոր` ԿՆՀ-ի դիֆերենցվածության աստիճանի որոշման համար (ՆՍԷ-ն հայտնաբերվում է նեյրոնային դիֆերենցման համեմատաբար ուշ փուլերում, սինապտոգենեզին զուգահեռ, այսինքն 22-շաբաթական հղիությունից հետո) [5,12] և հանդիսանում է բոլոր դիֆերենցված նեյրոնների ներկայումս հայտնի, փաստացիորեն ընդհանուր միակ մարկերը: ԿՆՀ-ի ծանր ախտահարմամբ երեխաների մոտ ՆՍԷ-ի բարձր մակարդակը բացատրվում է հեմատո-էնցեֆալիկ բարյերի վնասմամբ և ուղեղ-արյուն ուղղությամբ թափանցելիության բարձրացմամբ (թթվածնային անբավարարութան ազդեցության տակ): ՆՍԷ-ն կենսաբանորեն բավականին կայուն նյութ է, ԿՆՀ-ի պերինատալ ախտահարման ախտորոշման նպատակով ՆՍԷ-ի որոշումը կարելի է համարել օպտիմալ [1,11]: Հետազոտության մեջ որպես ԿՆՀ-ի վնասման մարկեր է վերցվել ՆՍԷ-ն:
Հետազոտության նպատակը
Սույն հետազոտության նպատակն է որոշել և վերլուծել նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակը հեստացիայի տարբեր ախտաբանությամբ մայրերից ծնված երեխաների մոտ:
Հետազոտության նյութը և մեթոդները
Հետազոտությունը իրականացվել է 136 երեխաների մոտ, որոնցից 20-ը ծնվել են առողջ մայրերից, նորմալ ընթացքով հղիությունից և վաղ նեոնատալ շրջանում գնահատվելով որպես առողջ նորածիններ` կազմել են հսկիչ խումբը: Մյուս 116 երեխաները ծնվել են հեստացիայի տարբեր ախտաբանությամբ զուգակցված հղիությունից` կազմելով հետազոտվող խումբը: Այս խումբը ըստ հեստացիայի ախտաբանության բաժանվել է 5 ենթախմբերի: ՆՍԷ-ն որոշվել է ինչպես հետազոտվող, այնպես էլ հսկիչ խմբի բոլոր նորածինների պորտալարային արյան շիճուկում, ծնվելուց անմիջապես հետո, իմունոհեմիլյումինեսցենտային մեթոդով, տեստ-հավաքածուների միջոցով:
Հետազոտության արդյունքները և քննարկումը
Հետազոտության ընթացքում իրականացվել է պորտալարային արյան մեջ ՆՍԷ-ի մակարդակի համեմատական վերլուծություն ըստ մանկաբարձական ախտաբանության բաժանված ենթախմբերում (Աղյուսակ 1):
ՆՍԷ-ի մակարդակը ըստ հղիության ախտաբանության բախշված ենթախմբերում
Աղյուսակ 1
Ենթախմբեր ըստ անամնեզի | A ենթախումբ բ n = 67
| B ենթախումբ բ n = 27
| C ենթախումբ բ n = 7
| D ենթախումբ բ n = 17
| E ենթախումբ
n = 57 | |
NSE, մկգ/լ | 58,70±3,88 | 40,7±5,05 p1-2<0,001
| 44,47±8,12 p1-3>0,2 p2-3>0,1 | 44,48±4,75 p1-4>0,1 p2-4=N.S. p3-4=N.S.
| 77,61±3,72 p1-5<0,001 p2-5<0,001 p3-5<0,001 p3-4<0,001 | |
իզոլ. n=41 (5³) | զուգակ. n=16 (5µ) | |||||
72,94±4,57
| 89,57±5,31 p<0,05 |
A ենթախմբի (երեխաներ, որոնց մայրերի ներկա հղիությունը զուգակցվել է հեստոզով) նորածինների մոտ ՆՍԷ-ի մակարդակ կազմել է 58,70±3,88 մկգ/լ: C (երեխաներ, որոնց մայրերի ներկա հղիությունը զուգակցվել է շաքարային դիաբետով) և D (երեխաներ, որոնց մայրերի ներկա հղիությունը զուգակցվել է անոթային հիպերտենզիայով) ենթախմբերի նորածինների մոտ ՆՍԷ-ի մակարդակի զգալի տարբերություններ չի գրանցվել, համապատասխանաբար կազմելով 44,47±8,12 մկգ/լ (p1-3>0,2 և p2-3>0,1 ) և 44,48±4,75 մկգ/լ (p1-4>0,1): Ամենացածր ցուցանիշը գրանցվել է B ենթախմբի(երեխաներ, որոնց մայրերի ներկա հղիությունը զուգակցվել է անեմիայով) նորածինների մոտ (40,7±5,05 մկգ/լ, p1-2
Ընդ որում ներարգանդային մոնոինֆեկցիա ախտորոշվել է 41 երեխաների մայրերի մոտ, զուգակցված ինֆեկցիոն ախտաբանություն` 16-ի մոտ: Համապատասխան սկզբունքով բաժանված ենթախմբերում գրանցվել է ՆՍԷ-ի մակարդակի զգալի տարբերություններ` 72,94±4,57 մկգ/լ և 89,57±5,31 մկգ/լ:
Եզրահանգումներ
- Հետազոտման արդյունքում ստացված տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ անեմիայով, անոթային հիպերտենզիայով և շաքարային դիաբետով զուգակցված հղիություններից ծնված երեխաների մոտ ՆՍԷ-ի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան հեստոզով և ներարգանդային ինֆեկցիաներով զուգակցված հղիություններից ծնված երեխաների մոտ:
- Նաև պարզվեց, որ ներարգանդային պոլիինֆեկցիայով զուգակցված հղիությունից ծնված երեխաների մոտ ՆՍԵ-ի մակարդակը ավելի բարձր է, քան մոնոինֆեկցիայով զուգակցված հղիությունից ծնված երեխաների մոտ: Այսպիսով ներարգանդային զարգացման ընթացքում զուգակցված ինֆեկցիոն ախտաբանությունը նպաստում է ԿՆՀ-ի առավել ծավալուն և խորը ախտահարմանը: