Արտերիալ հիպերտենզիայով պայմանավորված ներուղեղային արյունազեղումները համարվում են գլխուղեղի առավել տարածված և ծանր ախտահարումներից մեկը:
Հիվանդության վիրաբուժական բուժման համար անհրաժեշտ է լուծել երկու կարևորագույն հարցեր` վիրահատության ժամանակը և նրա ցուցումները: Վիրաբուժական փորձի կուտակումը ցույց է տալիս, որ ուշ վիրահատությունները սահմանափակում են վիրաբուժական բուժման հնարավորությունները: Արյունազեղման վիրաբուժական փուլը կարճ է և այն երկարացնել միշտ չէ, որ հաջողվում է:
Ներուղեղային արյունազեղումների վիրաբուժական բուժման ելքերը կապված են մի շարք ֆակտորներից` հեմատոմայի տեղակայում և ծավալ, փորոքային համակարգում արյան առկայություն և քանակ, գիտակցության մակարդակ և վեգետատիվ ֆունկցիաներ, արտերիալ հիպերտենզիայի մակարդակ և դրան ուղեկցող աթերոսկլերոզի տարածվածություն, ուղեկցող հիվանդություններ:
Քննարկվող պաթոլոգիան մեզ հայտնի հիվանդություններից մեկն է, որն իսկապես կարիք ունի բուժման հարցերում դիֆերենցված մոտեցման: Սկսած կոնսերվատիվ միջոցառումներից, և ավարտված այն իրավիճակներով, երբ անհնար է հիվանդին օգնություն կազմակերպել: Կարևոր հարց է հիվանդի սոցիալական համակերպվածությունը: Այստեղ քիչ դեր չի տանում տարիքը և դոմինանտ կիսագնդի ախտահարումը: Դիֆերենցված բուժումն անհրաժեշտ է կազմակերպել հաշվի առնելով գիտակցության խանգարման մակարդակը և օջախային ախտանիշների հետ դրանց համադրումը:
Ընդհանրացնելով այս ամենը` կարելի է եզրակացնել.
Ներուղեղային արյունազեղումների հիմնական պատճառը հիպերտոնիկ հիվանդությունն է: Հիվանդության ախտորոշումը և բուժման ռազմավարությունը հիմնվում է գլխուղեղի ԿՏ հետազոտության տվյալների վրա: Մենք կողմնակից ենք վաղ վիրահատություններին և հիվանդության վիրաբուժական համար ցուցումներ ենք համարում`
- տեղակայումը – լոբար. լատերալ և խառը հեմատոմաները.
- ուղեղիկի հեմատոմաներ` օկլուզիոն հիդրոցեֆալիայով.
- ծավալը` 50 սմ3 և ավելի ծավալ ունեցող հեմատոմաները.
- գլազգոյի սանդղակով 8-12 բալ գիտակցության խանգարում ունեցող հիվանդները ենթակա են վիրահատության.
- 75 և ավել տարիք ունեցող, խիստ ծանրաբեռնված անամնեզով հիվանդներին վիրահատական բուժում ցուցված չէ:
Կոնսերվատիվ բուժումը ցուցված կարելի է համարել գիտակցության մակարդակը գլազգոյի սանդղակով 12 և բարձր լինելու, օջախային ախտանիշների համեմատաբար մեղմ արտահայտվածության և հեմատոմայի ծավալի 50 սմ3 և ավելի պակաս լինելու դեպքերում: Բազմակի հեմատոմաների, ուղեկցող ծանր ախտահարումների դեպքում, երբ վիրահատության անցկացումը վտանգ է կյանքի համար: Վիրահատությունը ցուցված չենք համարում նաև մաքուր մեդիալ հեմատոմաների դեպքերում, երբ կոնսերվատիվ բուժումը հաճախ առավել էֆեկտիվ է: Կոնսերվատիվ բուժումը ցուցված է նաև հարազատների վիրահատությունից համառ կերպով հրաժարվելու դեպքերում: