Բանալի բառեր. առնանդամի քաղցկեղ, օժանդակ ճառագայթաբուժում, կանխարգելիչ լիմֆադենէկտոմիա, ապրելիության ցուցանիշներ
Ինչպես հայտնի է, առնանդամի քաղցկեղով հիվանդների ապրելիությունը պայմանավորող կարևոր կանխորոշիչ գործոններից է շրջանային ավշահանգույցների վիճակը (մետասթազների առկայությունը կամ բացակայությունը):
Նպատակը:
պարզել կանխարգելիչ լիմֆադենէկտոմիայի նպատակահարմարությունը առնանդամի քաղցկեղով հիվանդների բուժման գործում:
Հետազոտության նյութը և մեթոդները:
համեմատվել են 1992 -2006 թթ. Ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՈւԱԿ –ում առնանդամի քաղցկեղի T2-3N0M0 փուլում առաջնային ուռուցքի մեկուսի վիրահատական բուժում ստացած 30, առաջնային ուռուցքի վիրահատական բուժման հետ միասին օժանդակ ճառագայթաբուժման ենթարկված 22, ինչպես նաև կանխարգելիչ լիմֆադենէկտոմիայի ենթարկված 26 հիվանդների ապրելիության ցուցանիշները: Բուժման եղանակները և արդյունքները համեմատելու համար մենք աշխատանքում օգտվել ենք 1997/2002թթ. TNM դասակարգումից: Հիվանդների անախտադարձ և ընդհանուր ապրելիության ցուցանիշները հաշվարկվել են Կապլան-Մեյերի ապրելիության վերլուծական եղանակով:
Արդյունքները:
Առաջնային ուռուցքի մեկուսի վիրահատական բուժումից հետո եռամյա ընդհանուր և անախտադարձ ապրելիությունը կազմել է համապատասխանաբար 83,1% ու 66,3%, հնգամյան` համապատասխանաբար 42,7% և 41%: Օժանդակ ճառագայթաբուժմամբ համակցման դեպքում եռամյա ընդհանուր և անախտադարձ ապրելիությունը կազմել է համապատասխանաբար 81,8% ու 77,3%, հնգամյան` համապատասխանաբար 65,6% և 50,9%: Կանխարգելիչ լիմֆադենէկտոմիայի ենթարկված հիվանդների եռամյա ընդհանուր և անախտադարձ ապրելիությունը կազմել է համապատասխանաբար 87,7% ու 87%, հնգամյան` համապատասխանաբար 84,7% և 83,4%: Ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի են (p<0,05) (տես դիագրամներ):
Եզրակացություն:
Կանխարգելիչ լիմֆադենէկտոմիայից հետո ընդհանուր և անախտադարձ ապրելի-ության ցուցանիշները վիճակագրորեն հավաստի կերպով եղել են ավելի բարձր, քան առաջնային ուռուցքի սոսկ վիրահատական բուժումից կամ օժանդակ ճառագայթաբուժմամբ վերջինիս համակցումից հետո: Այս կապակցությամբ ռեգիոնար ավշահանգույցներում մետասթազների առաջացման բարձր ռիսկով (TD2; G2-3) հիվանդների բուժման ժամանակ նպատակահարմար ենք համարում կանխարգելիչ լիմֆադենէկտոմիան:
p< 0,05
Չշոշափվող ավշահանգույցներով հիվանդների ընդհանուր ապրելիությունը` կախված բուժման եղանակից
p< 0,05
Չշոշափվող ավշահանգույցներով հիվանդների անախտադարձ ապրելիությունը` կախված բուժման եղանակից
I խումբ- առաջնային ուռուցքի մեկուսի վիրահատական բուժում
II խումբ- կանխարգելիչ լիմֆադենէկտոմիա
III խումբ- առաջնային ուռուցքի հեռացում+ճառագայթաբուժում