Հղիության ընթացքում հաճախակի հանդիպող էքստրագենիտալ պաթոլոգիաներից է պիելոնեֆրիտը, որի հաճախականությունը տատանվում է 6-12% սահմաններում:
Տվյալ հետազոտության նպատակն է պարզել պիելոնեֆրիտի ազդեցությունը հղիության ընթացքի վրա և հնարավոր բարդությունների վերհանումը:
Մեր կողմից հետազոտվել է 73 հղի կին: Հղիների տարիքը տատանվել է 17-37 տարեկանի սահմաններում, իսկ հղիության ժամկետը՝ 10-30 շաբաթականի սահմաններում: Հետազոտվող կանանցից 48-ը (65,7%) առաջնածիններ են, 25-ը(34,3%)` կրկնածիններ: Հետազոտման պահին 16 կին եղել է հղիության 10-14 շաբաթական, 16 կին՝ 15-19 շաբաթական, 29՝ 20-24 շաբաթական, 15՝ 25-30 շաբաթական ժամկետներում:
Կանանցից 20-ի մոտ (27,4%) պիելոնեֆրիտը զուգակցվել է միզաքարային հիվանդության հետ:
Բոլոր հղիներին կատարվել են ընդհանուր կլինիկո-լաբորատոր հետազոտություններ՝ արյան ընդհանուր քննություն, մեզի ընդհանուր քննություն, մեզի ցանքս, Զիմնիցկու եւ Նիչեպորենկոյի փորձերը, երիկամների ուլտրաձայնային հետազոտություն(ՈՒՁՀ):
Ըստ հետազոտությունների տվյալների` պիելոնեֆրիտի առաջացման պատճառ 38 հղիի մոտ (52%) հանդիսացել է esherichia coli-ն, 20-ի մոտ (27,4%), staphylococcus epidermidis-ը, 4-ի մոտ (5,5%), enterobacter-ը, 11-ի մոտ (15%) klebsiella-ն:
Հղիների մեծ մասի մոտ մեզի նստվածքում առկա են եղել մեծ քանակությամբ աղեր: 18 կնոջ մոտ (24,7%) ՈՒՁՀ-ով հայտնաբերվել է ավազ երիկամի ավազանում: Հղիներից և ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել երիկամների կոնցենտրացիոն ֆունկցիայի խանգարում: 3-ի մոտ հայտնաբերվել է մեզի արտահոսքի խանգարում,ինչի կապակցությամբ կատարվել է միզածորանների կաթետերիզացիա:
Պիելոնեֆրիտին զուգահեռ 30 կնոջ մոտ (41%) եղել է անեմիա , 3-ի մոտ (0,4%)`պտղի ներարգանդային հիպօքսիա, 38 կնոջ մոտ՝ (52%)` սպառնացող վիժում, իսկ 25-ի մոտ՝ (34,2%) սպառնացող վաղաժամ ծննդաբերություն:
Հետազոտության արդյունքում ակնհայտ է դառնում, որ պիելոնեֆրիտը բնութագրվում է մանկաբարձական պաթոլոգիայի հատկապես հղիության կրելախախտի հետ զուգակցման բարձր մակարդակով (86%)`հանդիսանալով հղիության վաղաժամ ընդհատման լուրջ պատճառ:
Ելնելով վերոհիշյալից հղիությունից դուրս պիելոնեֆրիտի պրոֆիլակտիկայի նպատակով անհրաժեշտ է կատարել ինֆեկցիայի խրոնիկական օջախների սանացիա, իսկ հղիության ընթացքում պիելոնեֆրիտի ժամանակին ախտորոշում և կոմպլեքս բուժում` ուղղված ոչ միայն պիելոնեֆրիտին,այլ նաև հղիության վաղաժամ ընդհատման սպառնալիքին, ինչը կնպաստի հղիության երկարաձգմանը և պերինատալ ցուցանիշների լավացմանը: