Ինչպես հայտնի է միզապարկի ուռուցքների դեպքում շտապ բուժական միջամտություն պահանջող հիմնական ախտանշաններից է տարբեր արտահայտվածության արյունամիզությունը: Հիմնականում հիվանդների ուշ դիմելիության հետ կապված, հազվադեպ չեն պրոֆուզ արյունամիզության արդյունքում զարգացած միզապարկի հեմոտամպոնադաները:
2004-2007թթ. ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոն են դիմել միզապարկի քաղցկեղ, արյունամիզություն, միզապարկի հեմոտամպոնադա ախտորոշմամբ 78 հիվանդներ:
Բոլոր հիվանդների մոտ բուժական միջոցառումները սկսվել են կոնսերվատիվ եղանակից, մասնավորապես հեմոտամպոնադայի լիկվիդացիայի փորձ միզուկային կաթետերի օգնությամբ, արյունականգ, անհրաժեշտության դեպքում` նաև հեմոտրանսֆուզիոն բուժում: Նշված եղանակով հեմոտամպոնադայի լիկվիդացիա և արյունահոսության դադարեցում հնարավոր է եղել միայն 43 (55,1%) դեպքերում:
Կոնսերվատիվ եղանակի անարդյունավետության դեպքում միզապարկի մակերեսային և ինվազիվ քաղցկեղով 31 հիվանդի (39,7%) կատարվել է հեմոտամպոնադայի էնդոսկոպիկ լիկվադացման փորձ տրանսուրեթրալ ռեզեկցիայով (ուռուցքի ամբողջական կամ մասնակի հեռացումով) և/կամ էլոկտրոկոագուլյացիոն հեմոստազ: 16 հիվանդի մոտ (20,5%) կոնսերվատիվ և էնդոսկոպիկ միջամտությունները եղել են անարդյունավետ: Նրանցից 5-ին (6,4%) կատարվել է ցիստոտոմիա, հեմոտամպոնադայի լիկվիդացիա, միզապարկի ռեզեկցիա: Նշված հիվանդները հետվիրահատական շրջանում անհրաժեշտության դեպքում ստացել են օժանդակ բուժում:
Մնացած հիվանդներին նշված միջամտությունների անարդյունավետության (հիմնականում միզապարկի տոտալ ախտահարման) և հակացուցումների բացակայության դեպքում կատարվել է արմատական, իսկ T4NxMx, TxNxM1 փուլերում` փրկողական (salvage) ցիստէկտոմիա:
Հարկ ենք համարում առանձին նշել, որ տոտալ ախտահարմամբ միզապարկի քաղցկեղ, մակրոհեմատուրիա, միզապարկի հեմոտամպոնադա ախտորոշմամբ հիվանդների էնդոսկոպիկ միջամտության անարդյունավետության և հակացուցումների բացակայության պայմաններում նույնիսկ մետասթատիկ տարածման ժամանակ ամոքիչ բուժման ընդունելի տարբերակ է համարվում salvage ցիստէկտոմիան, որը կասեցնելով շարունակվող արյունահոսությունը և վերականգնելով մեզի հոսքը, նպաստում է հիվանդների ընդհանուր վիճակի բարելավմանը և հնարավորություն ընձեռում քիմիա- ճառագայթային բուժման անցկացման համար: