Ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է սահմանային (տերմինալ) բրոնխիոլներից հետո գտնվող օղակիր տարածությունների չափից ավելի մեծացումով և ուղեկցվում է նրանց պատերի կազմալուծական փոփոխություններով։ Թոքերի քրոնիկական էմֆիզեման ախտածագումով այնքան սերտ է կապված բրոնխիտի հետ, որ կլինիկորեն այդ վիճակների սահմանազատումը երբեմն մեծ դժվարությունների հետ է կապված։ Բրոնխաթոքային համակարգում քրոնիկական բորբոքային պրոցեսը թոքերի էմֆիզեմայի զարգացման հիմնական պատճառն է։ Ընդ որում մեծ նշանակություն ունեն նաև ժառանգական գործոնները (a1–հակատրիպսինի բնածին պակասը)։
Էմֆիզեմայի ամենավաղ և բնորոշ կլինիկական նշաններից է հևոցը։ Այն ուժգնանում է ֆիզիկական ծանրաբեռնման, հազի, բրոնխաթոքային համակարգի բորբոքական պրոցեսների ակտիվացման ժամանակ։ Հևոցը երբեմն ընդունում է նոպայաձև բնույթ, հիշեցնելով ասթմային հեղձուկը։ Սակայն, ի տարբերություն վերջինի, բրոնխալուծիչ դեղամիջոցներով և կորտիկոստերոիդներով չի կասեցվում։ Կապտուկը շատ ծանր հիվանդների մոտ է նկատվում։ Այն հատկապես պարզորոշ է արտահայտվում ֆիզիկական ծանրաբեռնման, բրոնխաթոքային համակարգի բորբոքական պրոցեսի ժամանակ։ Թոքային էմֆիզեմայի դեպքում հազը հազվադեպ է լինում։ Խորխը քիչ է և դժվարությամբ է հեռացվում, հաճախ լորձային կամ լորձաթարախային բնույթ է ունենում։
Թոքերի էմֆիզեմայով տառապող երեխաները ֆիզիկապես վատ են զարգանում։ Նկատվում են կրծքավանդակի զանազան ձևախախտումներ` տակառաձև, կրծոսկրի արտափքումով, երկկողմանի ներհրումով։ Կրծքավանդակի դիրքը բնորոշ է, թվում է, թե մշտական ներշնչման վիճակում է գտնվում՝ ուսերը բարձրադիր են, պարանոցը՝ ներս ընկած։
Թոքերի պերկուսիան տուփային է, սրտի բթության սահմանները՝ փոքրացած։ Շնչառությունը թուլացած է։ Լսվում են չոր սուլոցային, հաճախ նաև մանրբշտիկային թաց խզզոցներ։
Ռենտգենաբանական քննությամբ հայտնաբերվում է թոքադաշտերի բարձր թափանցելիություն, կողերը հորիզոնական տեղակայում ունեն։ Ստոծանին իջած է, ունի վրանի տեսք։ Բրոնխոլոգիական հետազոտությամբ հայտնաբերվում է բրոնխների լորձաթաղանթի կատառային կամ կատառաթարախային բորբոքման ձևով ընթացող բրոնխային ծառի տարածուն ախտահարում, ինչպես նաև ձևախախտվող բրոնխիտի պատկեր, բրոնխային անցանելիության խանգարում։
Թոքերի էմֆիզեմայով հիվանդների ֆունկցիոնալ հետազոտության ժամանակ բրոնխային օբստրուկցիային բնորոշ համախտանիշ է նկատվում։ Խիստ բարձրացած է շնչափող-բրոնխային դիմադրողականությունը։ Հանգիստ արտաշնչման պնևմոտախոգրամայի կորը օբստրուկտիվ խանգարումներին բնորոշ սրացած-կորացած կամ ցածր հարթացած տեսք ունի։ Խիստ նվազում են օդի շիթի առավելագույն հզորության ցուցանիշները։ Թոքերի առավելագույն օդափոխությունն իջած է։ Խիստ փոքրացած է Տիֆֆնոի ցուցանիշը (Ն.Ն. Ռազինովա)։ Թոքերի էմֆիզեման երեխաների մոտ սովորաբար ուղեկցվում է բրոնխաթոքային համակարգի արտահայտված բորբոքային փոփոխություններով։ Սրացումները շնչառական անբավարարության ուժեղացում են առաջացնում։
Բուժումը։ Թոքերի էմֆիզեմայի ժամանակ առաջին հերթին պետք է վերացվեն բրոնխաթոքային համակարգի բորբոքային պրոցեսները։ Նշանակվում են շնչառական մարզումներ, թթվածնային թերապիա, սանատոր-աոողջարանային բուժում։