Հաղորդում Ա: Առանձին ընդհանուր համախտանիշների, հենաշարժական, շնչական և սիրտ-անոթային համակարգերի և համակարգային բնույթի տարբեր պաթոլոգիաների ազդեցությունը
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, ամիլոիդոզ, կանխատեսում, ուղեկցող հիվանդություններ
Կյանքին սպառնացող հիմնական վտանգն պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ հանդիսանում է ամիլոիդոզը [5]: Եվ թեկուզ այն համարյա լիովին կանխարգելվում է կոլխիցինով [6], դեռ պարզ չէ, թե մանկական տարիքից կոլխիցինը կանոնավոր ընդունող հիվանդները կարո՞ղ են համարվել լիովին առողջ մարդիկ, թե միևնույն է, նրանց կյանքի տևողությունը ընդհանուր բնակչության կյանքի միջին տևողությունից ցածր է մնում: Բացի այդ, դեղորայքի մշտական օգտագործումն այսպես թե այնպես, իջեցնում է կյանքի որակը, ազդում հիվանդների հոգեբանության վրա, փոխում շրջապատի մարդկանց վերաբերմունքը նրանց նկատմամբ: Դրան գումարած, այն տալիս է զգալի տնտեսական կորուստ, և, վերջ ի վերջո, հիվանդների մի մասի մոտ կոլխիցինն ի վիճակի չէ կանխարգելելու ՊՀ նոպաները, իսկ հազվադեպ դեպքերում՝ նաև ամիլոիդոզը [6]:
Ամիլոիդոզի զարգացման հավանականության տարբերությունը զանազան ազգերի մոտ թելադրում է բուժական և կանխարգելիչ միջոցառումների որոշ առումներով տարբեր կիրառման սկզբունքներ: Հայաստանի պայմաններում ապրող հայերի մոտ, որոնց ամիլոիդոզի հավանականությունը զգալիորեն ցածր է շեփարդ հրեաների և թուրքերի համեմատությամբ, մնում են չպարզաբանված մի կողմից՝ ամիլոիդոզի և ՊՀ այլ լուրջ բարդությունների վտանգի, մյուս կողմից՝ կոլխիցինաբուժության վտանգի իրական փոխհարաբերությունները: Դեռ մնում է հարցական, արդյո՞ք ՊՀ հիվանդների շրջանում չկա այնպիսի մի քանակակազմ, որոնց մոտ հիվանդության բարդությունների վտանգն ավելի ցածր է, քան կոլխիցինաբուժության բարդություններինը: Իսկ դա գնահատել անհնար է, եթե չունենանք մանրամասն տվյալներ՝ ՊՀ հիվանդների մոտ տարբեր չափանիշների [2-4], այդ թվում նաև տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայության պարագայում կյանքի տարբեր ժամանակահատվածների ընթացքում դիտվող ամիլոիդոզի զարգացման հաճախականությունը:
Նյութը և մեթոդները
Հետազոտությունը կատարվել է ՊՀ և համանման հիվանդություններով տառապող 100799 հիվանդների հիվանդության պատմությունների ուսումնասիրության հիման վրա [1]:
Արդյունքները և քննարկումը
Տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների ազդեցության ուսումնասիրությունները ՊՀ տառապողների մոտ կյանքի առանձին տասնամյակների ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման (մանիֆեստացիայի) հավանականության վրա, ցույց տվեցին հետևյալը (աղ. 1-4):
Աղյուսակ 1: Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը ՊՀ հիվանդների կյանքի առանձին տասնամյակների ընթացքում` տարբեր ընդհանուր համախտանիշների առկայության պարագայում
Հիվանդություն և/կամ համախտանիշ | Կյանքի տասնամյակներ | ||||
II | III | IV | V | VI | |
Պարբերական տենդ | 2 | 2 | 1 * | 1 | 2 |
Բնականոնից ցածր քաշ | 6 | 2 | 1 | 1 | 0 |
Ճարպակալություն | 2 | 0 | 0 | 0 | 1 |
Մշտապես բարձր ԷՆԱ | 2 | 0 | 1 | 1 | 0 |
* - p<0.05, ** - p<0.01 *** - p<0.001
Ինչպես երևում է ներկայացված տվյալներից, ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի հետ համեմատ, հավաստելի տարբերություն հայտնաբերված է միայն կյանքի չորրորդ տասնամյակի ընթացքում. ՊՀ հիմնական շճաթաղանթաբորբային նոպաների հետ համատեղ մեկուսացած պարբերական տենդային նոպաներ ունեցող հիվանդների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման համեմատաբար ցածր հավանականություն: Այդ քանակակազմի հիվանդների մոտ տվյալ միտումը, ճիշտ է ոչ հավաստելի, դիտվում է կյանքի համարյա բոլոր մյուս տասնամյակների ընթացքում: Բնականոնից ցածր քաշ ունեցող հիվանդների մոտ երիտասարդ տարիքում միտում է դիտվում ամիլոիդոզի ավելի բարձր հավանականության օգտին, ինչը, սակայն, հետագայում փոխվում է հակառակ պատկերով: ՊՀ ճարպակալած տառապողներ այնքան էլ շատ չէին հանդիպում, և նրանց մոտ ամիլոիդոզի հավանականությունը կյանքի երկրորդ տասնամյակի ընթացքում մոտ է այլ հիվանդների մոտ դիտվող տոկոսին, իսկ երրորդում` ցածր է, սակայն ոչ հավաստելի: Մշտապես բարձր ԷՆԱ ունեցող հիվանդների մոտ ամիլոիդոզի հրովարտակման հավաստելի տարբերություններ չեն հայտնաբերված, սակայն, պետք է նկատել, որ դեպքերի թիվը բավականին ցածր էր ստույգ օրինաչափություններ հայտնաբերելու համար:
Աղյուսակ 2: Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը ՊՀ հիվանդների կյանքի առանձին տասնամյակների ընթացքում հենաշարժական համակարգի տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայության պարագայում
Հիվանդություն և/կամ համախտանիշ | Կյանքի տասնամյակներ | |||||
II | III | IV | V | VI | ||
Ատիպիկ հոդաբորբ | 13 | 7 | 8 | 8 | 5 | |
Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ | 1 | 3 | 4 | 1 | 2 | |
Պոլիմիոզիտ | 2 | 4 | 4 | 3 | 0 | |
Ձկնամկանի միալգիա | 14 * | 5 | 5 | 2 | 0 |
Ինչպես երևում է տվյալներից, ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից հավաստելի տարբերություն նկատվում է միայն ձկնամկանի արտահայտված միալգիա ունեցող հիվանդների մոտ, այն էլ կյանքի միայն երկրորդ տասնամյակի ընթացքում: Ձկնամկանի միալգիա ունեցողների մոտ այդ ընթացքում ավելի հաճախ է դիտվել ամիլոիդոզի հրովարտակում: Ընդհանրապես այդպիսի միտում նկատվում է նշված տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների մեծամասնության առկայության պարագայում: Եվ իսկապես, եթե գումարենք այդ բոլոր համախտանիշների և հիվանդությունների պարագայում դիտվող դեպքերը, ապա ստանում ենք, ըստ տասնամյակների, ամիլոիդոզի հրովարտակման հետևյալ տոկոսներ. II` 11,6* ՞1,99%, n= 259, III` 10,8՞2,34%, n= 176, IV` 23,6 ** ՞ 4,50%, n= 89, V` 28,6* ՞6,45%, n=49, VI` 30,4՞9,59%, n= 23:
Ինչպես տեսնում ենք բերված տվյալներից, ընդհանուր առմամբ հենաշարժական համակարգի այնպիսի հիվանդությունների /համախտանիշների դեպքում, ինչպիսիք են ատիպիկ հոդաբորբը, անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը, պոլիմիոզիտը և ձկնամկանի արտահայտված միալգիան, հիվանդների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման հավաստելի ավելի բարձր հավանականություն կյանքի երկրորդ, չորրորդ և հինգերորդ տասնամյակների ընթացքում: