Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 11 » Ստամոքս
|
Օրգանիզմում ստամոքսը ունի մի քանի կարևորագույն ֆունկցիաներ: Դրանցից
ամենագլխավրը արտազատիչ (ստամոքսահյութի արտադրություն) ֆունկցիան է:
Ստամոքսահյութի կազմի մեջ մտնում են պեպսին, խիմոզին, լիպազա ֆերմենտներ,
աղաթթու և լորձ: Պեպսինը ստամոքսահյութի հիմնական ֆերմենտն է, որը
սննդի բարդ սպիտակուցները ճեղքում է ավելի պարզ սպիտակուցների՝
ալբումոզների և պեպտոնների: Պեպսինը ֆերմենտային հատկություններ դրսևորում է
միայն թթվային միջավայրում, այդ պատճառով նրա ակտիվացման համար անհրաժեշտ է
աղաթթու: Լիպազա ստամոքսում քիչ քանակությամբ է արտադրվում, որը
մասնակցում է ճարպերի ճեղքմանը: Ստամոքսում խիմոզին ֆերմենտ արտադրվում
է վաղ մանկական հասակում: Նրա դերը կաթը մակարդելն է: Լորձը ծածկում է
ստամոքսի լորձաթաղանթի մակերեսը՝ պաշտպանելով այն աղաթթվի ազդեցությունից և
կերակրի կոշտ գնդիկների վնասումից: Ենթադրում են, որ ստամոքսում
արտադրվում է հատուկ նյութ՝ հակապեպսին, որի առկայությունը ստամոքսահյութի
մեջ կայուն է պահում ստամոքսի պատը պեպսինի մարսող ազդեցության նկատմամբ:
Բացի սննդի քիմիական մշակումից, ստամոքսը ունի ևս մի քանի կարևոր
ֆունկցիաներ: Ստամոքսի մեխանիկական ֆունկցիան սնունդը ստամոքսահյութի հետ
խառնելն ու մշակված սնունդը տասներկումատնյա աղիք մղելն է, որին մասնակցում
են ստամոքսի մկանները: Ստամոքսի պատի հակասակավարյունության գործոնը
նպաստում է սննդում եղած վիտամին B12–ի ներծծմանը: Այս գործոնի
բացակայության դեպքում մարդու մոտ առաջանում է չարորակ սակավարյունություն:
Ստամոքսի պատով ներծծվում են՝ ջուրը, սպիրտը, աղերը, շաքարը և այլն:
Միաժամանակ ստամոքսը ունի նաև արտաթորման (էքսկրետոր) ֆունկցիա. հատկապես
երիկամների հիվանդությունների ժամանակ ստամոքսի պատի միջով արտաթորվում են
սպիտակուցային փոխանակության մի շարք վերջնանյութեր (ամոնիակ, միզանյութ և
այլն): Ստամոքսի ներզատիչ (էնդոկրին) ֆունկցիան մի շարք կենսաբանական ակտիվ
նյութերի՝ գաստրինի, հիստամինի, մոտիլինի, էնտերոգլյուկագոնի և այլնի
արտադրությունն է: Այս նյութերը ստամոքսի և մարսողական ուղու մյուս
օրգանների կծկման և գեղձային բջիջների արտազատիչ ակտիվության խթանիչներ կամ
արգելակիչներ են: Զարգացումը: Ստամոքսը ձևավորվում է
ներարգանդային զարգացման 4–րդ շաբաթում, իսկ 2–րդ ամսվա ընթացքում՝ նրա
բոլոր բաժինները: Ստամոքսի միաշերտ պրիզմայաձև էպիթելը զարգանում է
աղիքային խողովակի էնտոդերմայից: Ստամոքսային փոսիկները ձևավորվում են
սաղմի զարգացման 6–10–րդ շաբաթների ընթացքում: Գեղձերը սաղմնավորվում են
բողբոջների ձևով՝ ստամոքսային փոսիկների հատակներին: Հետագայում
զարգանալով՝ մտնում են լորձաթաղանթի սեփական թիթեղ: Սկզբում սրանց մեջ ի
հայտ են գալիս պարիետալ, հետո՝ գլխավոր և լորձային բջիջներ: Հենց այդ
ժամանակ (6–7–րդ շաբաթ) մեզենքիմայից ձևավորվում է մկանաթաղանթի շրջանաձև
շերտը, հետո՝ լորձաթաղանթի մկանային թիթեղը: 13–14–րդ շաբաթներում
ձևավորվում են մկանային թաղանթի արտաքին երկայնական և քիչ ավելի ուշ՝
ներքին թեք շերտերը:
Կառուցվածքը: Ստամոքսի պատը
կազմված է լորձաթաղանթից, ենթալորձային հիմից, մկանային և շճային
թաղանթներից: Ստամոքսի լորձաթաղանթը առաջացնում է ծալքեր, դաշտեր և
փոսիկներ, որի պատճառով նրա մակերեսը անհարթ է: Ստամոքսային ծալքերի
(plicae gastricae) առաջացմանը մասնակցում են լորձաթաղանթը և ենթալորձային
հիմը: Ստամոքսային դաշտերը (areae gastricae) միմյանցից սահմանազատված
լորձաթաղանթի հատվածներ են: Դրանք բազմանկյունաձև են և ունեն 1–16 մմ
տրամաչափ: Դաշտերի առկայությունը բացատրվում է նրանով, որ ստամոքսի
գեղձերը, դասավորվելով խմբերով, իրարից բաժանված են շարակցահյուսվածքային
ներբաշերտերով: Այս ներբաշերտերի մեջ մակերեսային երակները ունեն
կարմրավուն գծի տեսք, որոնք դաշտերի միջև առաջացնում են սահմաններ:
Ստամոքսային փոսիկները (foveloae gastricae) էպիթելի ներփքումներ են՝
լորձաթաղանթի սեփական թիթեղի մեջ: Սրանք դասավորված են ստամոքսի ողջ
մակերեսին: Ստամոքսում փոսիկների թիվը հասնում է մոտ 3 միլիոնի:
Ստամոքսային փոսիկներն ունեն մանրադիտակային չափեր, բայց նրանց մեծությունը
ստամոքսի տարբեր բաժիններում տարբեր է: Ստամոքսի կարդիալ բաժնում և
մարմնում նրանց խորությունը կազմում է լորձաթաղանթի միայն 1)4–ը: Ստամոքսի
պիլորիկ բաժնում փոսիկներն ավելի խորն են և զբաղեցնում են ամբողջ
լորձաթաղանթի հաստության մոտ կեսը: Ստամոքսային փոսիկների հատակին բացվում
են գեղձեր, որոնք գտնվում են լորձաթաղանթի սեփական թիթեղում: Լորձաթաղանթն
առավել բարակ է կարդիալ բաժնում: Ստամոքսի լորձաթաղանթի մակերեսը և
փոսիկները պատող էպիթելը միաշերտ պրիզմայաձև է: Ստամոքսի
մակերեսային բոլոր էպիթելոցիտները (epitheliocyti superficiales
gastrici) անընդհատ արտադրում են մուկոիդ (լորձանման) գեղձազատուկ:
Գեղձային բջիջը հստակ ստորաբաժանվում է երկու մասի՝ հիմային և գագաթային:
Հիմային մասն ունի ձվաձև կորիզ, որի վրա Գոլջիի կոմպլեքսն է: Բջջի
գագաթային մասը լցված է մուկոիդ արտազատուկի հատիկներով կամ կաթիլներով:
Մարդկանց և կենդանիների մակերեսային էպիթելային բջիջների գեղձազատուկի
յուրահատկությունը որոշվում է ածխաջրային բաղադրամասի կազմով, իսկ
սպիտակուցային մասը բնութագրվում է հիստոքիմիական հատկությունների
ընդհանրությամբ: Ստամոսքի լորձաթաղանթի պաշտպանական ռեակցիաներում
ստամոքսահյութի վնասակար ազդեցության դեմ որոշիչ դեր ունի ածխաջրատային
բաղադրամասը: Ստամոքսի մակերեսային էպիթելոցիտների դերը լորձ արտադրելն է,
որը պաշտպանում է ստամոքսի պատը սննդի կոշտ մասնիկների մեխանիկական և
ստամոքսահյութի քիմիական ազդեցություններից: Ստամոքսում լորձի
քանակությունը ավելանում է գրգռիչ նյութերի (ալկոհոլ, թթուներ, մանանեխ և
այլն) ազդեցությունից: Լորձաթաղանթի սեփական թիթեղն ունի ստամոքսի
գեղձեր, որոնց միջև ընկած են փուխր թելակազմ շարակցական հյուսվածքի
նրբաշերտերը: Այստեղ շատ կամ քիչ քանակությամբ լիմֆոիդ տարրերի
կուտակումներ, կամ դիֆուզ ինֆիլտրատներ կան, իսկ տասներկումատնյա աղիքի
անցման տեղում՝ մենավոր ավշային հանգույցիկներ: Լորձաթաղանթի մկանային
թիթեղը կազմված է հարթ մկանահյուսվածքային երեք շերտից՝ ներքին, արտաքին
շրջանաձև և միջին երկայնական: Մկանային թիթեղից առանձին մկանային բջիջներ
գնում են դեպի լորձաթաղանթի սեփական թիթեղի շարակցական հյուսվածք:
Լորձաթաղանթի մկանային տարրերի կծկումը նպաստում է նրա շարժունակությանը,
ինչպես նաև ստամոքսի գեղձերից գեղձազատուկի արտազատման պրոցեսին: Ստամոքսի
գեղձերը (gl. gastricae) տարբեր բաժիններում ունեն ոչ միատեսակ կառուցվածք:
Տարբերում են երեք տեսակի ստամոքսային գեղձեր՝ ստամոքսի սեփական, պիլորիկ և
կարդիալ: Քանակապես գերակշռում են ստամոքսի սեփական գեղձերը: Սրանք
գտնվում են ստամոքսի մարմնում և հատակում, իսկ կարդիալ և պիլորիկ գեղձերը՝
ստամոքսի համանուն մասերում: Ստամոքսի սեփական գեղձերը
(glandulae gastricae propriae) անհամեմատ ավելի շատ են: Մարդու մոտ դրանք
մոտ 35 միլիոն են: Յուրաքանչյուր գեղձի մակերեսը մոտավորապես 100 մմ2 է:
Սեփական (ֆունդալ) գեղձերի ընդհանուր արտազատիչ մակերեսը հսկայական չափերի է
հասնում՝ մոտ 3–4 մ2: Ըստ կառուցվածքի՝ այս գեղձերը պարզ չճյուղավորված,
երբեմն շատ թույլ ճյուղավորված խողովակաձև գեղձեր են: Մի գեղձի
երկարությունը մոտ 0,65 մմ է, տրամագիծը տատանվում է 30–50 մկմ–ի միջև:
Գեղձերը խմբերով բացվում են ստամոքսային փոսիկների մեջ: Յուրաքանչյուր
գեղձում տարբերում են նեղուց (isthmus), վզիկ (cervix) և գլխավոր մաս (pars
principalis)՝ մարմնով (corpus) և հատակով (fundus): Մարմինը և հատակը
կազմում են գեղձի արտազատիչ բաժինը, իսկ վզիկն ու նեղուցը՝ արտատար ծորանը:
Գեղձերում լուսանցքը շատ նեղ է ու պատրաստուկներում համարյա չի երևում:
Ստամոքսի սեփական գեղձերը ունեն գեղձային բջիջների 5 հիմնական տեսակ՝
գլխավոր էկզոկրինոցիտներ, վերադիր (պարիետալ) էկզոկրինոցիտներ, լորձային
(հավելյալ, վզիկային մուկոցիտներ), էնդոկրինային (արգիրոֆիլ), չտարբերակված
էպիթելոցիտներ: Գլխավոր էկզոկրինոցիտներ (exocrinocyti
principales) գտնվում են գեղձերի հատակին և մարմնի շրջաններում: Այս
բջիջների կորիզները շրջանաձև են և բջջի կենտրոնում են: Բջջում տարբերում են
հիմային և գագաթային մասեր: Հիմային մասը լավ արտահայտված բազոֆիլ է:
Գագաթային մասում կան սպիտակուցային արտազատուկի հատիկներ, հիմային մասում՝
բջջի լավ զարգացած սինթետիկ ապարատ: Գագաթային մակերեսին կան կարճ
միկրոթավիկներ: Արտազատիչ հատիկներն ունեն 0,9–1 մկմ տրամագիծ: Գլխավոր
բջիջներն արտազատում են պեպսինոգեն՝ նախաֆերմենտ (զիմոգեն), որն աղաթթվի
ներկայությամբ վերածվում է ակտիվ ձևի (պեպսինի): Կա այն կարծիքը, որ
խիմոզինը, որը ճեղքում է կաթի սպիտակուցը, նույնպես արտադրվում է գլխավոր
բջիջների կողմից: Գլխավոր բջիջների արտազատման տարբեր փուլերի
ուսումնասիրումից պարզել են, որ այդ բջիջները գեղձազատուկի արտադրման և
կուտակման ակտիվ փուլում խոշոր են, որոնց մեջ տարբերվում են նախաֆերմենտի
հատիկները: Գեղձազատուկի արտազատումից հետո բջիջների չափերը և ցիտոպլազմայի
մեջ հատիկների քանակը նկատելիորեն նվազում է: Փորձերով ապացուցված է, որ
թափառող նյարդի գրգռումից բջիջներն արագ ազատվում են պեպսինոգենի
հատիկներից:
Վերադիր էկզոկրինոցիտները (exocrinocyti
parietals) գտնվում են գլխավոր և լորձային բջիջներից դուրս՝ հիմային
ծայրերում: Սրանք գլխավոր բջիջներից մեծ են և ունեն անկանոն կլոր ձև:
Պարիետալ բջիջները միայնակ են և հիմնականում կենտրոնացված են գեղձերի
մարմնի ու վզիկի շրջանում: Այս բջիջների ցիտոպլազման խիստ օքսիֆիլ է և
հատիկավոր: Յուրաքանչյուր բջիջ ունի մեկ կամ երկու կլորավուն կորիզ, որը
գտնվում է ցիտոպլազմայի կենտրոնական մասում: Բջիջների ներսում կան
ներբջջային խողովակիկների հատուկ համակարգեր (canaliculus
intracellulares)՝ բազմաթիվ միկրոթավիկներով, որոնք անցնում են միջբջջային
խողովակիկների մեջ. վերջիններս գտնվում են գլխավոր և լորձային բջիջների
միջև և բացվում են գեղձի լուսանցքի մեջ: Բջիջների գագաթային մակերեսից
դուրս են գալիս միկրոթավիկներ: Պարիետալ բջիջներին բնորոշ է բազմաթիվ
միտոքոնդրիումների առկայությունը: Վերադիր բջիջների դերը քլորիդների
արտադրությունն է, որոնցից առաջանում է աղաթթու: Լորձային
բջիջները (mucocyti) երկու տեսակի են: Առաջինները գտնվում են
սեփական գեղձերի մարմիններում և բջջի հիմային մասում ունեն խտացած կորիզ:
Այդ բջիջների գագաթային մասում կան բազմաթիվ կլոր կամ ձվաձև հատիկներ, ոչ
մեծ քանակությամբ միտոքոնդրիումներ և Գոլջիի կոմպլեքս: Մյուս լորձային
բջիջները (վզիկային) սեփական գեղձերի վզիկներում են: Սրանց կորիզը տափակ է,
երբեմն անկանոն եռանկյունաձև և սովորաբար գտնվում է բջջի հիմային մասում:
Այս բջիջների գագաթային մասերում կան արտազատիչ հատիկներ: Վզիկային
բջիջների արտադրած լորձը թույլ է ներկվում հիմային ներկանյութով, բայց լավ է
հայտնաբերվում մուցիկարմինով: Ստամոքսի մակերեսային բջիջների հետ
համեմատած՝ վզիկային բջիջները փոքր չափերի են և քիչ քանակությամբ լորձի
հատիկներ են պարունակում: Սրանց արտազատուկը տարբերվում է ստամոքսի
գեղձային էպիթելի արտադրած մուկոիդ արտազատուկից: Վզիկային բջիջներում, ի
տարբերություն հատակի գեղձերի մյուս բջիջների, կան միտոզի տարբեր փուլեր:
Ենթադրվում է, որ այդ բջիջները չտարբերակված էպիթելային բջիջներ են
(epitheliocyti nondifferentiati), որոնք վերականգնում են գեղձերի
արտազատիչ և ստամոքսային փոսիկների էպիթելները: Ներզատիչ բջիջները
նկարագրված են ստորև: Պիլորիկ գեղձերը (glandulae
pyloricae), որոնց քանակը կազմում է մոտ 3,5 միլիոն, գտնվում են ստամոքսից
դեպի տասներկումատնյա աղիք անցման սահմանում: Պիլորիկ գեղձերը տարբերվում
են սեփական գեղձերից մի քանի հատկանիշներով՝ ավելի նոսր են դասավորված,
ուժեղ են ճյուղավորված, ունեն լայն լուսանցքներ, պիլորիկ գեղձերի մեծ մասը
չունի վերադիր բջիջներ: Պիլորիկ գեղձերի ծայրային բաժինները կազմված են
հիմնականում սեփական գեղձերի լորձային բջիջներ հիշեցնող բջիջներից: Սրանց
կորիզները տափակ են և ընկած են բջիջների հիմքի մոտ: Ներկման հատուկ
մեթոդներ օգտագործելիս՝ ցիտոպլազմայում հայտնաբերվում է լորձ: Պիլորիկ
գեղձերի բջիջները հարուստ են դիպեպտիդազներով, որոնց արտազատուկը ունի
հիմային ռեակցիա: Գեղձի վզիկում կան նաև միջանկյալ՝ վզիկային բջիջներ,
որոնք արդեն նկարագրվել են «Ստամոքսի սեփական գեղձեր» բաժնում: Պիլորիկ
մասի լորձաթաղանթի կառուցվածքն ունի մի քանի առանձնահատկություններ՝
ստամոքսային փոսիկներն այստեղ ավելի խորն են, քան ստամոքսի մարմնում և
կազմում են լորձաթաղանթի ամբողջ հաստության մոտ կեսը: Ստամոքսաելքի մոտ այդ
թաղանթն ունի լավ արտահայտված օղաձև ծալք: Սրա առաջացումը պայմանավորված է
մկանաթաղանթի հզոր շրջանաձև շերտով, որը գոյացնում է պիլորիկ սեղման:
Վերջինս կարգավորում է սննդի անցումը ստամոքսից տասներկումատնյա աղիք: Կարդիալ
գեղձերը (glandulae cardicae) պարզ խողովակակազմ, ուժեղ
ճյուղավորված ծայրային բաժիններով գեղձեր են: Սրանց արտատար ծորանները
(վզիկներ) կարճ են՝ պատված պրիզմայաձև բջիջներով: Բջիջների կորիզները տափակ
են և ընկած են նրանց հիմքում: Ցիտոպլազման լուսավոր է: Մուցիկարմինով
ներկելիս՝ այստեղ հայտնաբերվում է լորձ: Ըստ երևույթին, այս գեղձերի
արտազատիչ բջիջները նման են ստամոքսի պիլորիկ և կերակրափողի կարդիալ
գեղձերը պատող բջիջներին: Սրանց մեջ նույնպես կան պեպտիդազներ, քիչ
քանակությամբ գլխավոր և վերադիր բջիջներ: Ստամոքս–աղիքային
էնդոկրինոցիտներ (endocrinocyti gastrointestinales) Ստամոքսում,
ըստ կառուցվածքային, կենսաքիմիական և ֆունկցիոնալ հատկանիշների կա ներզատիչ
բջիջների մի քանի տեսակ: EC–բջիջները ամենաբազմաքանակն են, գտնվում են
գեղձերի մարմնի և հատակի շրջաններում՝ գլխավոր բջիջների միջև: Այս բջիջներն
արտադրում են սերոտոնին և մելատոնին: Սերոտոնինը խթանում է մարսողական
ֆերմենտների սեկրեցիան, լորձի արտադրությունը, շարժողական ակտիվությունը:
Մելատոնինը կարգավորում է լուսապարբերական ֆունկցիոնալ ակտիվությունը, որը
պայմանավորված է լուսային ցիկլի ազդեցությամբ: G–բջիջները (գաստրին
արտադրող) նույնպես բազմաթիվ են և հիմնականում գտնվում են պիլորիկ, ինչպես
նաև կարդիալ գեղձերում՝ դասավորվելով դրանց մարմնի և հատիկի, երբեմն վզիկի
շրջաններում: Սրանց արտադրած գաստրինը խթանում է գլխավոր բջիջների
պեպսինոգենի, պարիետալների աղաթթվի արտազատուկը, ինչպես նաև ստամոքսի
շարժական գործունեությունը: Մարդու ստամոքսահյութի գերարտազատման
դեպքում նկատվում է G–բջիջների թվի ավելացում: Բացի գաստրինից, այդ
բջիջներն արտադրում են էնկեֆալին, որը էնդոգեն մորֆիններից մեկն է: Սրան
վերագրում են ցավի միջնորդության դերը: Քանակով ավելի քիչ են P–, ECL–, D–,
D1–, A– և X–բջիջները: P–բջիջներն արտադրում են բոմբեզին, որը խթանում է
աղաթթվի և ֆերմենտներով հարուստ ենթաստամոքսային հյութի արտադրությունը, և
արագացնում է լեղապարկի հարթ մկանների կծկումները: ECL–բջիջները
(էնտերոքրոմաֆինանման) բնութագրվում են ձևերի բազմազանությամբ և գտնվում են
գլխավորապես ֆունդալ գեղձերի մարմիններում և հատակում: Այդ բջիջներն
արտադրում են հիստամին, որը կարգավորում է քլորիդներ արտադրող վերադիր
բջիջների արտազատիչ ակտիվությունը: D–, D1– բջիջները հիմնականում գտնվում
են պիլորիկ գեղձերում: Սրանք ակտիվ պոլիպեպտիդներ արտադրողներ են:
D–բջիջները արտադրում են սոմատոստատին, որն արգելակում է սպիտակուցային
սինթեզը: D1–բջիջներն արտադրում են վազոինտեստինալ պեպտիդ (ՎԻՊ), որը
լայնացնում է արյունատար անոթները և իջեցնում զարկերակային ճնշումը, ինչպես
նաև խթանում է ենթաստամոքսային գեղձի հորմոնների արտադրությունը:
A–բջիջները սինթեզում են գլյուկագոն, այսինքն՝ ենթաստամոքսային գեղձի
կղզյակների a–բջիջների նման ներզատիչ ֆունկցիա ունեն: X–բջիջների ֆունկցիան
պարզաբանված չէ: Ստամոքսի ենթալորձային հիմը կազմված է փուխր թելակազմ
չձևավորված շարակցական հյուսվածքից, որը մեծ քանակությամբ առաձգական թելեր
ունի: Այստեղ կան զարկերակային և երակային հյուսակներ, ավշային
անոթացանցեր և ենթալորձային նյարդային հյուսակներ: Ստամոքսի մկանային
թաղանթը համեմատաբար թույլ է զարգացած հատակի շրջանում և լավ արտահայտված է
մարմնում, իսկ առավելագույն զարգացման հասնում է ստամոքսաելքում:
Մկանաթաղանթում կա երեք շերտ, որոնք առաջանում են հարթ մկանային բջիջներից:
Արտաքին երկայնական շերտը որկորի երկայնական մկանաշերտի շարունակությունն
է: Միջինը՝ շրջանաձևը, որկորի շրջանաձև շերտի շարունակությունն է, որն
առավելագույն զարգացման է հասնում պիլորիկ բաժնում, ուր առաջացնում է 3–5
սմ հաստությամբ սեղման: Ներքին շերտը հարթ մկանային բջիջների խրձեր են,
որոնք ունեն թեք ուղղություն: Մկանաթաղանթի շերտերի միջև գտնվում են
միջմկանային նյարդային հյուսակներ և ավշային անոթացանցեր: Ստամոքսի
շճաթաղանթը նրա պատի արտաքին թաղանթն է: Անոթավորումը:
Ստամոքսը սնող զարկերակներն անցնում են շճային և մկանային թաղանթների
միջով՝ տալով համապատասխան ճյուղեր, հետո ենթալորձային հիմում հզոր ցանց են
առաջացնում: Այս անոթացանցից ճյուղերը թափանցում են մկանային թիթեղ և
լորձաթաղանթի սեփական թիթեղում առաջացնում երկրորդ ցանցը: Այս ցանցից
անջատվում են մանր զարկերակներ, որոնք շարունակվում են որպես արյունատար
մազանոթներ. վերջիններս էլ շրջահյուսում են գեղձերը և ապահովում էպիթելի
սնուցումը: Լորձաթաղանթի արյունատար մազանոթներից արյունը հավաքվում է մանր
երակների մեջ: Անմիջապես էպիթելի տակից անցնում են համեմատաբար խոշոր
հետմազանոթային աստղաձև երակները (venae stellatae): Ստամոքսի էպիթելի
վնասումից երակները պատռվում են, և առաջանում է արյունահոսություն:
Լորձաթաղանթի երակները, հավաքվելով սեփական թիթեղի զարկերակային ցանցի մոտ,
առաջացնում են ցանց: Երկրորդ երակացանցը գտնվում է ենթալորձային հիմում:
Ստամոքսի բոլոր երակները, ներառյալ լորձաթաղանթում գտնվողները, ունեն
փականներ: Ստամոքսի ավշային ցանցը սկիզբ է առնում ավշային
մազանոթներից, որոնց կույր ծայրերն անմիջապես գտնվում են ստամոքսային
փոսիկների և գեղձերի էպիթելի տակ՝ լորձաթաղանթի սեփական թիթեղում: Այս
ցանցը հաղորդակցվում է ենթալորձային հիմի ավշային անոթների լայնաօղ ցանցի
հետ: Ավշային ցանցից հեռանում են առանձին անոթներ, որոնք թափանցում են
մկանաթաղանթ: Այստեղ բացվում են ավշային անոթներ, որոնք սկսվում են
միջմկանային շերտերում գտնվող հյուսակներից: Նյարդավորումը:
Ստամոքսը ունի էֆերենտ նյարդավորման երկու աղբյուր՝ պարասիմպաթիկ (թափառող
նյարդ) և սիմպաթիկ (սահմանային սիմպաթիկ ցողուն): Ստամոքսի պատը ունի երեք
նյարդային հյուսակ՝ միջմկանային, ենթալորձային և ենթաշճային: Նյարդային
հանգույցները քիչ են կարդիալ բաժնում, իսկ ստամոքսաելքի ուղղությամբ դրանց
քանակը ավելանում է, չափերը՝ մեծանում: Միջմկանային հյուսակի
ամենահզոր հանգույցները կառուցված են առավելապես առաջին և աննշան քանակի
երկրորդ տիպի բջիջներից: Երկրորդ տիպի բջիջների առավելագույն քանակ է
նկատվում ստամոքսաելքի շրջանում: Ենթալորձային հյուսակը թույլ է զարգացած:
Թափառող նյարդի գրգռումը արագացնում է ստամոքսի կծկումները և ուժեղացնում
ստամոքսահյութի արտազատումը: Սիմպաթիկ նյարդերի դրդումից, ընդհակառակը,
ստամոքսի կծկումները դանդաղում են և թուլանում է գեղձերի արտազատումը: Աֆերենտ
թելերը մկանաթաղանթում առաջացնում են զգացող հյուսակ, որի թելերն
իրականացնում են նյարդային հանգույցների, հարթ մկանների, շարակցական
հյուսվածքի ընկալիչ նյարդավորումը: Ստամոքսում կան բազմավալենտ ընկալիչներ:
|
Դիտումներ: 1599 |
Ավելացրեց: 202
| - Վարկանիշ -: 3.7/18 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
Օրացույց |
« Փետրվար 2013 » |
Երկ |
Երք |
Չոր |
Հնգ |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
| | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
|