Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Չարորակ նորագոյացություններով հիվանդների ախտահարված մակերեսային ավշային հանգույցների գերձայնային և պ
Բանալի բառեր. կրծքագեղձի քաղցկեղ, կոկորդի քաղցկեղ, քիթ-ըմպանի քաղցկեղ, ավշային հանգույց, մետաստաթիկ ախտահարում, հիպերպլազիա, ճարպային կազմափոխում, բորբոքում, գերձայնային հետազոտություն, մորֆոլոգիական հետազոտութուն, ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկություններ Բնակչության հաշմանդամության և մահացության հիմնական պատճառներից են չարորակ նորագոյացությունները, որոնց տարածվածության` ժամանակին և ճիշտ գնահատումը շատ կարևոր է բուժման եղանակների ընտրության գործում: Չարորակ նորագոյացությունների տարածվածությունը գնահատելու նպատակով կիրառվում են ռադիոլոգիական հետազոտության գրեթե բոլոր մեթոդները: Դրանց շարքին են դասվում սոնոգրաֆիան, լիմֆոգրաֆիան, մամոգրաֆիան, ռենտգենյան համակարգչային շերտագրումը (ՀՇ), սցինտիգրաֆիան, մագնիսառեզոնանսային շերտագրումը (ՄՌՇ) և պոզիտրոնային էմիսիոն շերտագրումը (ՊԷՇ): Հարկ է նշել, որ բոլոր թվարկված մեթոդներից առանձնահատուկ ուշադրության է արժանի գերձայնային հետազոտությունը, քանի որ դա ոչ իոնիզացնող, նախնական պատրաստում չպահանջող, ֆինանսական առումով մատչելի մեթոդ է, ուստի մեծ կիրառություն ունի: Այն հնարավորություն է տալիս որոշելու ոչ միայն առաջնային օջախի չափերը և տեղակայումը, այլև պարզելու ուռուցքի տարածվածությունը` հետազոտելով տարբեր տեղակայում ունեցող ավշային հանգույցների կառուցվածքը: Գերձայնային հետազոտությունը հնարավորություն է ընձեռում որոշելու փոփոխված ավշային հանգույցների ոչ միայն քանակական բնութագիրը, այլև թույլ է տալիս ճշտել փոփոխված մակերեսային ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկությունները` կանխորոշելով դրանց հավանական պաթոմորֆոլոգիական ախտորոշումները: Այսպիսով` սոնոգրաֆիան բացառիկ հետազոտություն է ավշային հանգույցների, ուստի նաև ուռուցքի տարածվածության ուսումնա-սիրության առումով [1-3]: Մենք հետազոտել ենք կրծքագեղձի, կոկորդի և քիթ-ըմպանի չարորակ նորագոյա-ցություններով 269 հիվանդների մակերեսային տեղակայում ունեցող փոփոխված ավշային հանգույցները: Վերջին տարիների ընթացքում բարձրակարգ ախտորոշիչ սարքավորումների ստեղծման շնորհիվ հնարավոր դարձավ զուգահեռներ անցկացնել ռադիոլոգիական և պաթոմորֆոլոգիական հետազոտությունների արդյունքների միջև: Նման միտում է դիտվում սոնոգրաֆիային, մամոգրաֆիային, ռենտգենյան համակարգչային շերտագրմանը (ՀՇ), մագնիսառեզոնանսային շերտագրմանը (ՄՌՇ) և պոզիտրոնային էմիսիոն շերտագրմանը (ՊԷՇ) նվիրված աշխատանքներում [4,5]: Գերձայնային հետազոտության ընթացքում կարելի է մանրամասն զննել մակերեսային ավշային հանգույցների կառուցվածքը` տարբերակելով լրացուցիչ չափանիշներ, որոնց վերլուծության շնորհիվ հնարավոր կլինի պարզել նախնական պաթոմորֆոլոգիական ախտորոշումները, որոնք են. - ավշային հանգույցների ճարպային կազմափոխումը,
- ավշային հանգույցների հիպերպլազիան,
- ավշային հանգույցների բորբոքումը,
- ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարումը:
Հետազոտության նյութը և մեթոդները
Գիտական աշխատանքի ընթացքում հետազոտվել են 203 կրծքագեղձի, 53 կոկորդի և 13 քիթ-ըմպանի չարորակ նորագոյացություններով հիվանդներ. ընդամենը` 269: Կրծքագեղձի քաղցկեղով 203 հիվանդներից 97-ի դեպքում նախնական ախտորոշվել է ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարում, 33-ի դեպքում` ավշային հանգույցների հիպերպլազիա, 15-ի մոտ հայտնաբերվել է ավշային հանգույցների և° մետաստաթիկ ախտահարում, և° հիպերպլազիա, 40-ի մոտ` ավշային հանգույցների ճարպային կազմափոխում, 11-ի մոտ` մետաստաթիկ ախտահարում և ճարպային կազմափոխում, 2-ի մոտ` հիպերպլազիա և ճարպային կազմափոխում, հիվանդներից 4-ն ունեցել են ավշային հանգույցների բորբոքում, իսկ 1-ի մոտ ավշային հանգույցների բորբոքումը զուգորդվել է մետաստաթիկ ախտահարմամբ: Կոկորդի քաղցկեղով 53 հիվանդներից 31-ի դեպքում ախտորոշվել է ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարում, 14-ի դեպքում` հիպերպլազիա, 8 հիվանդների մոտ հայտնաբերվել են մետաստաթիկ ախտահարված և հիպերպլազիայի տիպով փոփոխված ավշային հանգույցներ: Քիթ-ըմպանի չարորակ նորագոյացություններով 13 հիվանդներից 11–ի դեպքում ախտորոշվել է երկրորդային ախտահարում, 1-ի դեպքում` հիպերպլազիա, իսկ 1-ի մոտ ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարումը զուգորդվել է հիպերպլազիայով: Այսպիսով` կրծքագեղձի, կոկորդի և քիթ-ըմպանի քաղցկեղով 269 հիվանդներից 175-ի դեպքում նախնական ախտորոշվել է մակերեսային ավշային հանգույցների երկրորդային ախտահարում (139-ի մոտ` միայն մետաստաթիկ ախտահարում, 24-ի մոտ` մետաստաթիկ ախտահարում և հիպերպլազիա, 11-ի մոտ` մետաստաթիկ ախտահարում և ճարպային կազմափոխում, 1-ի մոտ` երկրորդային ախտահարում և բորբոքում): Մետաստաթիկ ախտահարված ավշային հանգույցներով 175 հիվանդներից 124-ի մոտ հայտնաբերվել են կրծքագեղձի, 39-ի մոտ` կոկորդի, իսկ 12-ի մոտ` քիթ-ըմպանի չարորակ նորագոյացություններ: 74 հիվանդների դեպքում ախտորոշվել է փոփոխված մակերեսային ավշային հանգույցների հիպերպլազիա (48 հիվանդների մոտ միայն հիպերպլազիայի ենթարկված ավշային հանգույցներ, 24-ի մոտ` հիպերպլազիան զուգորդվել է մետաստաթիկ ախտահարմամբ, 2 հիվանդների մոտ դիտվել է հիպերպլազիա և ճարպային կազմափոխում): Ավշային հանգույցների հիպերպլազիայով 74 հիվանդներից 50-ի մոտ հայտնաբերվել են կրծքագեղձի, 22-ի մոտ` կոկորդի, իսկ 2-ի մոտ` քիթ-ըմպանի չարորակ նորագոյացություններ: Կրծագեղձի քաղցկեղով 53 հիվանդների դեպքում ախտորոշվել է մակերեսային ավշային հանգույցների ճարպային կազմափոխում (40-ի մոտ հայտնաբերվել է ավշային հանգույցների ճարպային կազմափոխում, 11-ի մոտ` մետաստաթիկ ախտահարում և ճարպային կազմափոխում, 2-ի մոտ` հիպերպլազիա և ճարպային կազմափոխում): Կրծքագեղձի չարորակ նորագոյացություններով 5 հիվանդների մոտ հայտնաբերվել է մակերեսային ավշային հանգույցների բորբոքում, որից 1-ի մոտ դա զուգորդվել է ավշային հանգույցի երկրորդային ախտահարմամբ: Արդյունքները և քննարկումը
Պաթոմորֆոլոգիական հետազոտության վերջնական արդյունքների համաձայն` ավշային հանգույցների երկրորդային ախտահարումը հաստատվել է 175 հիվանդներից 155-ի դեպքում (ճշգրտության ցուցանիշը` 88.57%), հիպերպլազիան` 74-ից 62-ի (ճշգրտության ցուցանիշը` 83.79%), ճարպային կազմափոխումը` 53-ից 46-ի (ճշգրտության ցուցանիշը` 86.79%) և ավ-շային հանգույցների բորբոքումը` բոլոր 5 հիվանդների մոտ (ճշգրտության ցուցանիշը` 100%, սակայն դժվար է մշակել չարորակ նորագոյացություններով հիվանդների բորբոքված ավշային հանգույցների գերձայնային առանձնահատկությունների որոշակի օրինաչափություն դեպքերի ոչ բավարար քանակի պատճառով) (աղյուսակ): Նախնական գերձայնային և վերջնական պաթոմորֆոլոգիական հետազոտությունների արդյունքների համադրումը
Փոփոխված ավշային հանգույցների ախտորոշումներ | Հետազոտվողների ընդհանուր թիվ | Հաստատված ախտորոշմամբ հետազոտվողների թիվ | Ճշգրտության ցուցանիշ (%) | Երկրորդային ախտահարում | 175 | 155 | 88.57 | Հիպերպլազիա | 74 | 62 | 83.79 | Ճարպային կազմափոխում | 53 | 46 | 86.79 | Ավշային հանգույցների բորբոքում | 5 | 5 | 100 |
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ գերձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու ավշային հանգույցների ոչ միայն քանակը, չափերը և տեղակայումը, այլև մանրակրկիտ նկարագրելու դրանց կառուցվածքային առանձնահատկությունները: Այս ամենը օգնում է կանխորոշել չարորակ նորագոյացություններով հիվանդների ախտահարված ավշային հանգույցների պաթոմորֆոլոգիական ախտորոշումները: Հայտնի է` գերձայնային հետազոտությունը չի կարող փոխարինել պաթոմորֆոլոգիականին, սակայն, լինելով մատչելի, անցավ, ոչ իոնիզացնող, որի հետևանքով էլ բազմակի անգամ կիրառվող հետազոտություն, թույլ է տալիս մանրակրկիտ ուսումնասիրել ավշային հանգույցների կառուցվածքը: Այս հանգամանքը հնարավորություն է ընձեռում պլանավորելու հետագա բուժման եղանակը և ճշգրտելու վիրահատության արմատականությունը:
|
Օրացույց | « Մայիս 2024 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|