Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Կիստոզային երիկամներ
Կիստոզային երիկամներ, երիկամային հիպոպլազիա։ Այս հիվանդությունները մեծ մասամբ ուղեկցվում են զարկերակային արյան ճնշման բարձրացումով։ Երիկամների, ինչպես նաև միզուղիների զարգացման արատների հայտնաբերմանն օգնում են որոշակի կլինիկական ախտորոշման հետազոտությունները և ուռոգրաֆիան։ Զարկերակային ճնշումը բարձր է լինում նաև ֆեոքրոմոցիտոմա հիվանդության ժամանակ։ Վերջինս մակերիկամի քրոմատինային հյուսվածքների ուռուցք է, որի ժամանակ չափից ավելի կատեխոլամիններ են արտադրվում (ադրենալին, նորադրենալին): Տվյալ դեպքում հիպերտենզիան կատեխոլամինների չափից ավելի շատ արտադրության հետևանք է։ Բարձրանում է ինչպես սիստոլային, այնպես էլ դիաստոլային ճնշումը։ Հիվանդությանը բնորոշ է արյան զարկերակային ճնշման նոպայաձև արտահայտված բարձրացումը, որն ուղեկցվում է անհանգստությամբ, վախի զգացումով, դողով, սարսուռով, մաշկածածկույթի գունատությամբ, քրտնարտադրությամբ, սրտխառնոցով, փսխումով, երբեմն կարող է բարձրանալ նաև ջերմությունը։ Նկատվում է նաև արտահայտված պուլսացող բնույթի գլխացավ, հիվանդը կորցնում է զանգվածը։ Եթե ուռուցքը հնարավոր է շոշափել, ապա շոշափումը առաջացնում է ադրենալինային ռեակցիա՝ հիպերտենեզիան մեծանում է, սկսվում է շաքարամիզություն։ Հիվանդությունը ախտորոշելու նպատակով կատարվում է ռետրոպնևմոպերիտոնեում։ Որոշվում է կատեխոլամինների պարունակությունը և նրանց ածանցյալների արտազատումը մեզով, կատարվում է դեղաբանական փորձ՝ հիստամինով կամ տրոպաֆենով։ Երեխաների մոտ զարկերակային ճնշման, հատկապես դիաստոլային ճնշման բարձրացումը նկատվում է նաև առաջնային ալդոստերոնիզմի (Կոնի հիվանդություն) ժամանակ։ Սա հազվադեպ հիվանդություն է, կապված է մակերիկամի կեղևային մասի հորմոն արտադրող ուռուցքի հետ, որի դեպքում ավելանում է ալդոստերոնի արտադրությունը։ Ալդոստերոնի գերարտադրությունն օրգանիզմում առաջացնում է ջրաէլեկտրոլիտային հավասարակշռության խախտում՝ հիպոկալեմիկ ալկալոզի և նատրիումի քանակի ավելացումով։ Կայուն հի-պերտենզիայի ֆոնի վրա հիվանդների մոտ նկատվում են նոպաներ, որոնք հիշեցնում են ֆեոքրոմոցիտոմա հիվանդությունը։ Սակայն, ի տարբերություն վերջինիս, այն հաճախ ուղեկցվում է բրադիկարդիայով։ Հիպերտենզիայի հետ կապված փոփոխություններ են առաջանում նաև աչքի հատակում, որոնք երեխաների մոտ հատկապես արագ են զարգանում և հանգեցնում տեսողության խանգարման, ընդհուպ մինչև կուրացման։ Զարկերակային հիպերտենզիա է նկատվում նաև վեգետատիվ-անոթային դիստոնիաների հիպերտենզիվ ձևի ժամանակ` բարձրանում է երեխաների գրգռվածությունը, նրանք շուտ են հոգնում, ունենում են քրտնարտադրություն։ Սրտանոթային համակարգի հիվանդություններից, որոնք առաջանում են զարկերակային ճնշման բարձրացման հետևանքով, կարելի է նշել աորտայի նեղացումը (կոարկտացիա)։ Եթե աորտայի նեղացումն արտահայտված է, ապա հիվանդության նշանները կարող են ի հայտ գալ ծնվելուց անմիջապես հետո կամ կյանքի առաջին ամիսներին՝ կապտուկ, շնչահեղձություն, ստորին վերջույթների այտուց և սրտի սահմանների մեծացում։ Հիվանդության ախտանիշները հաճախ հայտնվում են դպրոցական տարիքի երեխաների մոտ, որոնք գանգատվում են գլխացավերից, սրտխփոցից, քթային արյունահոսությունից։ Սրտի սահմանները լայնացած են դեպի ձախ, երկրորդ միջկողային տարածությունում լսվում է սիստոլային աղմուկ, որը տարածվում է դեպի սրտի գագաթը, պարանոցի անոթները և միջթիակային տարածությունը։ Կարևոր ախտանիշ է նաև վերին և ստորին վերջույթներում զարկերակային ճնշման մեծության տարբերությունը, որը վերին վերջույթում լինում է բարձր, իսկ ստորինում՝ ցածր, կամ երբեմն չի որոշվում։ Բարձր տարիքի երեխաների կրծքավանդակի վրա կողմնաճյուղային անոթներ են առաջանում։
|
Օրացույց | « Մայիս 2024 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|