ՈՒրբաթ, 03.05.2024, 10:58Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ճարպակալում


Ճարպակալվող երեխաների աճը կյանքի յուրաքանչյուր տարվա ընթացքում ավելանում է մոտավորապես 1%-ով։ Այդ առումով պետք է նկատի ունենալ, որ չափահասների համեմատությամբ երեխաների մոտ գերակշռում են ասիմիլյացիայի պրոցեսները, էներգիայի նրանց ծախսերը և նյութափոխանակության պրոցեսներն ավելի ինտենսիվ բնույթ ունեն, ուստի երեխաների օրգանիզմում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի պահանջը մեծ է։ Մյուս կողմից՝ երեխաների մոտ գերակշռում են նյարդային համակարգի և այն գոյացումների զարգացումը, որոնք կարգավորում են աճող օրգանիզմի սնուցման պրոցեսները։ Այս բոլորի հետևանքով հեշտ են առաջանում նյութափոխանակության խանգարումներ՝ մանավանդ օրգանիզմի ինտենսիվ աճի շրջաններում (7-8 և 12-15 տարեկանում), երբ սկսում են ներզատվել նյութագոյացնող հատկությամբ օժտված սեռական հորմոնները։ Ինտենսիվ աճի տարիներին օրգանիզմի պահանջը պլաստիկ նյութերի նկատմամբ ավելանում է, իսկ եթե երեխան ունի նաև հավելուրդային ճարպի կուտակման ժառանգական հակում, ապա աճման շրջանում ավելի հաճախ արտահայտվող նյութափոխանակության խանգարումները հասկանալի են դառնում։

Չափից ավելի ածխաջրեր ընդունելիս նրանց որոշակի մասը վերափոխվում է ճարպի։ Ահա թե ինչու երեխայի սնվելու պրոցեսում պետք է պահպանել չափավորության սկզբունքը։

Երեխաների ճարպակալման հարցը լուրջ անհանգստացնում է մանկաբույժներին։ Ավելին, եթե հաշվի առնենք, որ ճարպակալված երեխաների մեծ մասը այդպիսին են մնում նաև մեծ տարիքում, ապա պետք է, որ անհանգստանան ընդհանրապես բժիշկները, քանի որ պոլիկլինիկա հաճախող էնդոկրին հիվանդների շուրջ 15-20%-ը ճարպակալվածներն են։

Երեխաների ճարպակալման հարցում որոշակի դեր ունի ուղեղի կեղևը։ Ծնողները` չգիտակցելով ճարպակալման վնասակարությունը, խրախուսում են երեխաների շատ ուտելը, մյուսները կերակրում են ստիպողաբար, երեխային արգելում անգամ ամենաթեթև ֆիզիկական աշխատանքը, իսկ երբեմն նույնիսկ, որքան էլ տարօրինակ է, մանկական խաղերը։ Նման սխալ դաստիարակությունը երեխաներին դարձնում է քմահաճ և նրանք ձեռք են բերում շատ ուտելու սովորույթ, դառնում է բնավորության գիծ, ամուր պահպանվում նրանց ամբողջ կյանքի ընթացքում և որից հրաժարվելը հետագայում շատ դժվար է։ 
Պատանեկան տարիքում ճարպակալումն արգելակում է նորմալ սեռական հասունացումն ու բացասաբար անդրադառնում բնավորության ձևավորման վրա։ Ճարպակալված երեխաների մեծ մասը խուսափում է շարժողական ակտիվությունից։ Սխալ են նաև նրանք, ովքեր ճարպակալումից խուսափելու նպատակով երեխայի օրաբաժնում սահմանափակում են ճարպերը, թույլատրելով մեծ քանակությամբ ածխաջրեր, մրգեր, նյութեր, շոկոլադ, խմորեղեն և այլն։

Երբեմն շատ ուտելու ստերեոտիպը այնքան կայուն է դառնում մեծ տարիքում, որ նրանից չեն կարողանում հրաժարվել ճարպակալվածները նույնիսկ էներգետիկ ծախսերի խիստ նվազման դեպքում։

Հաճախ երեխաները ճարպակալվում են կրած որևէ սուր բորբոքային հիվանդությունից հետո, երբ գիտակցաբար սնվում են չափից ավելի։ Ճարպակալմանը նպաստում են ածխաջրերի գերյուրացումն ու ֆերմենտային փոխանակության խանգարումները։

 

Պաթոգենեզը։ Ախտածագման հիմքում ընկած է օրգանիզմում գոյացող և ծախսվող էներգիայի դինամիկ հավասարակշռության խախտումը, երբ գոյացող էներգիան նրա ծախսումից մեծ է։

Գիրացման դեպքում ճարպային հյուսվածքում կամ մեծանում, կամ էլ շատանում են ճարպային բջիջները։ Խանգարված է լինում ընդունած և ծախսած էներգիայի ինքնուրույն կարգավորումը։ Ախորժակի և մարմնի նորմալ զանգվածի պահպանման հարցում ապացուցված է նաև ենթատեսաթմբի որոշակի, այսպես կոչվող, «հագեցման» կենտրոնների դերը։ Օրինակ՝ ուղեղի փորոքամիջային կորիզների վնասումն առաջացնում է որկրամոլություն և ճարպակալում, իսկ նույն կորիզի կողմնային հատվածների վնասումը՝ ախորժակի արգելակում և նիհարում։

Կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված ստամոքսի զգայական նյարդավերջույթները գործառապես անջատվում են միայն ստամոքսը ուտելիքով լցվելու դեպքում։ Պարզ է, որ հաջորդ կերակրման կամ ուտելու համար կպահանջվի ավելի շատ ուտելիք, որից և սկիզբ է առնում ոչ նորմալ պայմանական ռեֆլեքս։ Որոշակի են նաև ենթատեսաթմբի բորբոքային ախտահարումներն ու վնասվածքները։ Ճշտված չեն ինքնաբերական ճարպակալումների պատճառները։ Անժխտելի նշանակություն ունի ժառանգական գործոնը, այլապես դժվար է բացատրել միևնույն ձվաբջջից ծնված երկվորյակների ճարպակալումը, երբ նրանք ապրում Են տարբեր երկրներում, տարբեր պայմաններում և տարբեր սննդակարգով։ Ապացուցված է, որ ճարպակալված ծնողների երեխաների 80%-ը այս կամ այն տարիքում նույնպես ճարպակալվում են։ Արտաքին գործոններից էական է չափից ավելի ուտելը։

 

Կլինիկան։ Տարբերում են ճարպակալման չորս աստիճան.

  1. I աստիճանի դեպքում մարմնի նորմալ զանգվածը գերազանցում է հասակին 15-25%-ով,
  2. II աստիճանի դեպքում՝ 25-49%-ով,
  3. III աստիճանի դեպքում՝ 49-100%֊ով,
  4. IV աստիճանի ժամանակ՝ 100-ից ավելի%-ով։

Երեխաները սովորաբար գանգատներ չեն ունենում և չեն նկատում ճարպակալումը, մանավանդ, երբ այն զարգանում է աստիճանաբար, բացառությամբ պարարվեստով և սպորտով զբաղվողների։

Մանկապատանեկան տարիքում ավելի հաճախ ճարպը տեղաբաշխվում է հավասարապես։ Երիտասարդների մոտ կարող է նկատվել հիպերտոնիայի հակում՝ ճարպահյուսվածքի զանգվածի ավելացման, լիպոգենեզի և լիպոլիզի ակտիվացման հետևանքով։ Քաղցած ժամանակ արյան մեջ շատ են ազատ ճարպաթթուները, տրիգլիցերիդները։ Վերջիններս նպաստում են արյան ճնշման բարձրացմանը, պիկվիկի համախտանիշի զարգացմանը և շնչական ու ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների հակմանը։

Ներզատական խանգարումներից բնորոշ է գաղտնի և ակնհայտ շաքարախտի ինսուլինակայուն ձևերի զարգացումը։ Նման անհատների մոտ բարձր է իմունառեակտիվ ինսուլինի մակարդակը և շաքարախտի զարգացման հարցում ճարպակալումը առաջնային գործոնի դեր ունի։ Ենթատեսաթմբի ֆունկցիոնալ փոփոխությունների հետևանքով կարող են նկատվել դաշտանային ցիկլի և ձվազատման խանգարումներ։

Այս ամենի կանխարգելման գործում կարևոր է մարմնի զանգվածի նորմալացումը, սահմանված դիետայի պահպանումը, հետևանքների մասին հիվանդներին տեղյակ պահելը, հիվանդի ու բժշկի համատեղ ջանքերը։

Տարբերում են առաջնային և երկրորդային ճարպակալումներ։

Երկրորդային ճարպակալմանն են վերագրում ուղեղային, ենթատեսաթմբային, ներզատական և խառը ձևերը, իսկ առաջնայինին` երբ ճարպակալված են ծնողները կամ ազգականների մեջ կան ճարպակալման հակում ունեցողներ։ Ենթատեսաթմբային ճարպակալումները զարգանում են բավական արագ և ուղեկցվում վեգետատիվ խանգարումներով։

Ներզատական բնույթի ճարպակալումները կարող են լինել հիպոթիրեոզային, հիպոֆիզային կամ մակերիկամային բնույթի (Կուշինգի համախտանիշ) և սեռական գեղձերի թերֆունկցիայի հետևանքով։

Երբեմն դժվար է լինում տարբերակել ենթատեսաթմբի բորբոքային բնույթի ճարպակալումը, որն ուղեկցվում է հիպոֆիզի գոնադոտրոպային և սեռական ֆունկցիայի խանգարումներով։ Դժվար չէ ճարպակալման ճարպասեռային դիստրոֆիայի և Լոուրենս-Մուն-Բիդլի համախտանիշի տարբերումը։ Բոլոր դեպքերում երեխաների ճարպակալումը կոսմետիկ թերություն է և կարող է նրանց մոտ հոգեբանական տեղաշարժերի պատճառ դառնալ։

 

Բուժումը։ Դիետան պետք է համակցել էթիոպաթոգենետրկ բուժման հետ, սահմանափակել ճարպերն ու ածխաջրերը, սահմանել ենթակալորիական դիետա։ Քաղցի զգացումը հաղթահարվում է առաջիկա օրերի ընթացքում, մանավանդ եթե բավարար են սպիտակուցները։ Պետք է արգելել ախորժակաբեր ուտելիքը։ Հանձնարարվում է օրվա ընթացքում ուտել մի քանի անգամ, բայց փոքր բաժիններով։ Ուտելուց հետո չպետք է հանգստանալ։ Ենթակալորիական դիետան պետք է համակցել բուժական ֆիզկուլտուրայի և ֆիզիոթերապևտիկ միջոցառումների հետ։

Ճարպակալված երեխաներին թույլատրվում է օրական 70 գ-ից ոչ ավելի սև կամ սպիտակ հաց, 200 գ անյուղ միս կամ ձուկ, 150 գլոռ, 10 գ յուղ, շատ բանջարեղեն։ Ախորժակազրկող դեղամիջոցները երեխաներին և հղի կանանց հակացուցված են։

Սեռականապես թերզարգացած, բայց ճարպակալված երեխաներին նշանակվում է խորիոգոնին` տարիքային դեղաչափերով։ 
Ճարպակալված երեխաների ծնողները պետք է խորհրդակցեն մանկաբույժ-էնդոկրինոլոգի հետ՝իրենց երեխաների սննդի ռեժիմի վերաբերյալ։ Չպետք է մոռանալ, որ 4 կգ-ից ավելի մարմնի զանգվածով ծնված երեխաները ճարպակալման և շաքարախտով հիվանդանալու հակում ունեն և որ մինչև մեկ տարեկաններին չափից ավելի կերակրելը առաջացնում է բարձր ախորժակային ռեֆլեքս։ Բժշկին պետք է դիմել նաև երեխայի սեռական թեր- կամ գերզարգացման դեպքում։ Առանց բժշկի խորհրդի երեխաներին չպետք է տալ հորմոնային պատրաստուկներ, նրանց պետք է կերակրել բժշկի խորհրդով, որովհետև ճարպակալման հարցերում ճիշտ սնվելն ամենահիմնական միջոցն է։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites