ՈՒրբաթ, 03.05.2024, 12:57Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Էպիդեմիկ պարոտիտ (խոզուկ)


Սուր վիրուսային տարափոխիկ հիվանդություն է։ Բնորոշվում է մեկ կամ մի քանի թքագեղձերի բորբոքումով, որոշ դեպքերում նաև այլ օրգանների և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով։

 

Էպիդեմիոլոգիան։ Հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է, որը վարակիչ է համարվում հիվանդության թաքնված շրջանի վերջին օրերից և կլինիկական երևույթների զարգացման առաջին 5-6 օրերին։ Վարակը տարածվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով, սակայն չի բացառվում նաև միջնորդավորված վարակումը։ Ընկալությունը բարձր է, հիմնականում հիվանդանում են երեխաները՝ մասնավորապես մարտ-ապրիլ ամիսներին։

 

Էթիոլոգիան։ Հարուցիչը պատկանում է պարամիքսովիրուսների շարքին և օժտված է արյունափաթիլավորող և արյունալուծիչ հատկություններով։ Արտաքին միջավայրում անկայուն է։

 

Պաթոգենեզը։ Վիրուսն օդակաթիլային ճանապարհով ներթափանցելով վերին շնչուղիների և նշիկների լորձաթաղանթները, հետագայում արյան ճանապարհով տարածվում է օրգանիզմում և հիմնականում տեղակայվում գեղձային օրգաններում (թքագեղձեր, ամորձիներ, ձվարաններ, ենթաստամոքսային գեղձ և այլն) ու նյարդային համակարգում։ Հիվանդության ընթացքում գոյանում են ախտահատուկ հակամարմիններ, որոնք արյան մեջ մնում են ցմահ։ Չնայած այդ առումով իմունիտետը հիմնականում լինում է կայուն և տևական, սակայն եզակի դեպքերում կարող են հանդիպել կրկնահիվանդացման դեպքեր։

 

Կլինիկան։ Թաքնված շրջանը 11-23 օր է (միջինը 15-19 օր), երբեմն կարող է երկարել մինչև 26 օր։ Հիվանդությունը հիմնականում սկսվում է սուր, որոշ դեպքերում 1-2-օրյա նախանշանային շրջանով՝ ջերմության բարձրացում, թքագեղձերի շրջանի արտահայտվածություն, ծամելու ժամանակ ցավոտության, բերանի չորություն։ Գեղձային ախտահարումները սովորաբար սկզբում լինում են միակողմանի, որը 1-2 օրից հետո կարող է անցնել հաջորդ գեղձին։ Զարգացող այտուցը ընդգրկում է հետծնոտային փոսը, որը ծանր դեպքերում կարող է տարածվել նաև պտկաձև ելունի վրա, պարանոցի շրջանը, անգամ կրծքավանդակի վերին հատվածները։ Այտուցի հետևանքով ականջի բլթակը հրվում է դեպի վեր։ Բացի հարականջային գեղձերից պրոցեսի մեջ կարող են ընդգրկվել նաև ստործնոտային և ենթալեզվային թքագեղձերը։ Գեղձային այտուցները սովորաբար վերանում են 6-9 օրվա ընթացքում։ Այտուցված գեղձերը անշարժ են, շոշափման ժամանակ` ցավոտ։ Բերանի խոռոչի զննման ժամանակ թքածորանների բացվածքի շրջանում նկատվում է թեթևակի այտուց՝ գերարյունության օղակով (Մուրսոնի ախտանիշ)։

 

Էպիդեմիկ պարոտիտի կլինիկական ձևերի դասակարգումը (ըստ Ն.Ի. Նիսևիչի)

Տիպիկ ձևեր

Ծանրության աստիճանը

  1. Գեղձային (պարոտիտ, սուբմաքսիլիտ, օրխիտ, պանկրեատիտ):
  2. Նյարդային (շճային բնույթի մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ):
  3. Կոմբինացված կամ խառը ձևեր (շճային մենինգիտ և պարոտիտ կամ պարոտիտ սուբմաքսիլիտով, պանկրեատիտով, մենինգոէնցեֆալիտով և այլն),
  4. Ոչ բնորոշ (ատիպիկ) ձևեր՝ 
    ա. ջնջված 
    բ. անախտանիշային

Թեթև, միջին ծանրության և ծանր

Ծանրության ցուցանիշեր

  1.  
    1. Գեղձերի բորբոքման աստիճանը (այտուցվածություն, ցավոտություն)
    2. Նյարդային համակարգի ախտահարվածությունը
    3. Ընդհանուր թունավորման աստիճանը

 

Պարոտիտային օրխիտ։ Սովորաբար զարգանում է թքագեղձերի ախտահարման ֆոնի վրա, սակայն կարող է լինել նաև մեկուսացված ձևով։ Հիմնականում հանդիպում է դեռահասների և երիտասարդների մոտ։ Ամորձին հաճախ միակողմանի լինում է այտուցված, ցավոտ՝ հատկապես քայլելու ժամանակ, մաշկի շրջանը` գերարյուն։ Հայտնվում է ջերմություն, երբեմն` փսխում։ Ամորձու փոփոխությունները վերականգնելի են և վերանում են 1-2 շաբաթվա ընթացքում։ Ամորձիներում պրոցեսը երբեմն կարող էլ լինել երկկողմանի։ Հազվադեպ կարող է հանդիպել նաև ձվարանների, կաթնագեղձերի և բարթոլինյան գեղձերի պարոտիտային բնույթի ախտահարումներ։

 

Պարոտիտային պանկրեատիտ։ Կարող է առաջանալ ինչպես ինքնուրույն, այնպես էլ գեղձային մյուս պրոցեսների հետ համակցված։ Հիվանդները գանգատվում են գոտևորող բնույթի ցավերից, սրտխառնոցի (նողկանքի) և սննդի նկատմամբ զզվանքի զգացումից, փսխումներից, գլխացավերից, բարձր ջերմությունից, լեզվի փառակալումից։ Համակցված դեպքերում ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում, սակայն մեկուսացված պանկրեատիտի դեպքում ախտորոշումը բավականին դժվարանում է։ Վերջինիս դեպքում կարևոր տեղ է տրվում դիաստազայի և արյան մեջ ամիլազայի ակտիվության որոշմանը։ Ելքը բարենպաստ է։ Բուժման ժամանակակից միջոցների ֆոնի վրա պրոցեսը վերանում է 10-15 օրից։

 

Պարոտիտային շճային մենինգիտ։ Հաճախ է հանդիպում և հիմնականում զարգանում է որպես համակցված պրոցես (պարոտիտ-մենինգիտ, սուբմաքսիլիտ-մենինգիտ և այլն)։ Հիվանդի մոտ լինում են արտահայտված մենինգեալ ախտանիշներ, որոնք բուժման ֆոնի վրա 3-8 օրվա ընթացքում աստիճանաբար վերանում են։ Ախտորոշման համար կարևոր նշանակություն է ստանում ողնուղեղային հեղուկի հետազոտությունը։ Ողնուղեղային հեղուկը հոսում է մեծ ճնշման տակ, թափանցիկ է, բջջակազմը՝ 300-700, լիմֆոցիտային բնույթի, շաքարի քանակը նորմայի սահմաններում կամ բարձր (որով և տարբերվում է տուբերկուլոզային մենինգիտից)։ Սպիտակուցի քանակը լինում է 0,3-0,9 գ/լ: Ելքը բարենպաստ է, երբեմն կարող է զարգանալ տևական ասթենիզացիա, հազվադեպ՝ լսողական նյարդի ախտահարում։

 

Պարոտիտային էնցեֆալիտ։ Հանդիպում է հազվադեպ։ Նկատվում են արտահայտված օջախային ախտահարման երևույթներ, կլոնիկ-տոնիկ բնույթի ցնցումներ, անզուսպ փսխումներ (կապ չունի սննդի ընդունման հետ), գիտակցության խանգարումներ։ Բուժման ֆոնի վրա ելքը բարենպաստ է և առանց մնացորդային երևույթների։ Հաճախ հանդիպում է մենինգոէնցեֆալիտի պատկեր։ Կլինիկական ընթացքում կարող են լինել ջնջված, թեթև, միջին ծանրության և ծանր ձևեր։ Ծանր ձևերը, որպես կանոն, ընթանում են արտահայտված թունավորումով։

 

Ախտորոշումը։ Տիպիկ ընթացքի պարոտիտների ախտորոշման հարցը, հաշվի առնելով բնորոշ ախտանիշների առկայությունն ու էպիդեմիոլոգիական անամնեզը, դժվարություններ չի ներկայացնում։

Դժվարություն է առաջացնում առաջնային մենինգիտներից, պանկրեատիտից, օրխիտից և այլ հիվանդություններից նրա տարբերակիչ ախտորոշումը։ Նման դեպքերում կարևոր են վիրուսաբանական, շճաբանական (կոմպլեմենտի կապման, հեմագլյուտինացիայի ռեակցիաները) հետազոտությունների տվյալները և մանրակրկիտ էպիդեմիոլոգիական անամնեզը։ Պարոտիտային վարակի կլինիկական ելքը ընդհանրապես բարենպաստ է, սակայն որոշ դեպքերում, մասնավորապես ամորձիների և ձվարանների երկկողմանի ախտահարման ժամանակ, կարող է զարգանալ ամլություն։ Ծանր մենինգոէնցեֆալիտներից հետո կարող է ծագել լսողական և հավասարակշռության օրգանների ախտահարում։

 

Բուժումը։ Ախտահատուկ բուժում չկա։ Բուժումը կրում է ախտանշային բնույթ։ Առաջին հերթին պետք է մեկուսացնել հիվանդին, իսկ թեթև դեպքերում կարելի է պահել տնային պայմաններում։ Հիվանդը պետք է ստանա լիարժեք հեղուկ դիետա։ Բորբոքված թքագեղձերի վրա դրվում են չոր, տաք միջոցներ։ Նշանակում են սալիցիլատներ։ Սովորաբար հիվանդագին երևույթները վերանում են 3-4 օրվա ընթացքում։ Ծանր դեպքերում պարտադիր է հիվանդի հոսպիտալացումը։ Ամորձիների բորբոքման դեպքում՝ պարտադիր անկողնային ռեժիմ և ամորձիների կախակալ կապան, հակաբորբոքային պատրաստուկների կիրառում, գլյուկոկորտիկոստերոիդներ։

Պանկրեատիտների ժամանակ անպայման պետք է նշանակել ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների ակտիվությունն ընկճող պատրաստուկներ: Կատարվում են հոգնաներ։ Արտահայտված թունավորումների դեպքում դեզինտոքսիկացնող միջոցառումներ, վիտամիններ։

Մենինգիտների և մենինգոէնցեֆալիտների դեպքում բուժական և ախտորոշիչ նպատակով պարտադիր է ողնուղեղային պունկցիայի կատարումը։ Կազմակերպվում են դեհիդրատացիոն և ռեհիդրատացիոն թերապիա, նշանակվում են հակաբիոտիկներ՝ ընդունված չափավոր դեղաչափերով, հորմոնաթերապիա։

 

Կանխարգելումը։ Հիվանդների վաղաժամ մեկուսացում՝ սկսած հիվանդության սկզբից 9 օր։ Մինչև 10 տարեկան չհիվանդացած երեխաների նկատմամբ պետք է սահմանել 21-օրյա կարանտին՝ հաշված կոնտակտի վերջին օրվանից։ Որոշ հեղինակներ խորհուրդ են տալիս կոնտակտավորներին ներարկել պլացենտային գամագլոբուլին՝ 1,5-3մլ։ Պարոտիտի օջախում վերջնական վարակազերծում չի կատարվում։

Սպեցիֆիկ պրոֆիլակտիկայի նպատակով 15-18 ամսական երեխաներին ներարկվում է հակապարոտիտային թուլացրած կենդանի պատվաստանյութ՝ 0,1 մլ ներմշակային կամ 1:5 նոսրացումով 0,5 մլ, ենթամաշկային։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites