Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Լյարդային անբավարարություն
Ըստ կլինիկական ընթացքի լյարդային անբավարարությունը լինում են սուր և քրոնիկական։ Սուր լյարդային անբավարարություն կարող է զարգանալ վիրուսային հեպատիտի ծանր ձևերի ժամանակ, հատկապես վաղ տարիքի երեխաների մոտ, սնկային թունավորումներից, դեղորայքի անընդունելիությունից, այլ խմբի արյան ներարկումից և այլն։ Քրոնիկական լյարդային անբավարարություն զարգանում է լյարդի քրոնիկական հիվանդություններից (հեպատիտ, ցիռոզ), ներլյարդային հեմոդինամիկայի խանգարումներից և այնպիսի հիվանդություններից, որոնք ուղեկցվում են լեղահոսքի խանգարումներով (լեղաքարային հիվանդություն, լյարդային կամ ընդհանուր լեղածորանի նեղացում, քրոնիկական պանկրեատիտ, ընդհանուր լեղածորանի խցանում), շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններից, ներզատական հիվանդություններից, թունավորումների դեպքում և այլն։ Տարբերում են լյարդային անբավարարության զարգացման երեք շրջան։ - Առաջին շրջանը բնորոշվում է հուզական անկայունությամբ, նկատվում է տրամադրության արագ փոփոխություն, անքնություն, գլխացավ, գլխապտույտ։
- Երկրորդ շրջանում հայտնաբերվում են նյարդահոգեկան ավելի արտահայտված երևույթներ՝ ատաքսիա, ձեռքերի, շրթունքների, կոպերի տրեմոր, hիպերռեֆլեքսիա։ Այդ շրջանում hաճախ նկատվում է խիստ գրգռվածություն, ակամա արտաթորություն և միզարտադրություն, հայտնվում են լյարդային անբավարարության այնպիսի բնորոշ նշաններ, որոնք արտահայտվում են սնուցման խանգարումով, հյուսվածքների լարվածության (տուրգոր) իջեցումով, մաշկի չորությամբ, մաշկի և սկլերաների դեղնությամբ, մաշկում «անոթային աստղիկների» և արյունազեղումների առկայությամբ, լյարդի չափերի մեծացումով կամ փոքրացումով, երբեմն որովայնի ջրգողությամբ (ասցիտ) և այտուցներով։ Փոփոխված են լյարդի շատ փորձանմուշների ցուցանիշները։ Արյան մեջ իջած է ալբումինի, պրոթրոմբինի, ֆիբրինոգենի, խոլեսթերինի պարունակությունը, հաճախ հայտնաբերվում է լեյկոցիտոզ, արագացած ԷՆԱ, անեմիա, ամինոտրանսֆերազների պարունակության ավելացում։ Լյարդի ֆունկցիայի արտահայտված խանգարումներ հայտնաբերվում են նաև ռադիոիզոտոպային հեմատոգրաֆիայի մեթոդով։
- Երրորդ շրջանին (կոմայի շրջան) բնորոշ են մթագնած գիտակցությունը, ստուպորը, կոման։ Նախակոմային փուլում սովորաբար նկատվում է ախորժակի արտահայտված բացակայություն (անոռեքսիա), սրտխառնոց, լյարդի չափերի փոքրացում, դեղնության հարաճում, արյան մեջ՝ հիպերբիլիռուբինեմիա, ամինաթթուների և կաթնաթթվի քանակության ավելացում։ Կոմայի փուլում լինում է գիտակցության կորուստ։ Զարգանում են ախտաբանական ռեֆլեքսներ, մենինգիալ ախտանիշներ։ Հիվանդը խիստ նիհարած է, վերջույթները սառը, բերանից գալիս է բնորոշ լյարդային հոտ։ Արյան շիճուկում բարձրանում է մնացորդային ազոտի և ամոնիակի պարունակությունը, դիտվում է հիպոկալեմիա և ոչ հազվադեպ՝ հիպոնատրիեմիա, մետաբոլիկ ացիդոզ։ Հաճախ լյարդային կոման հիվանդների մահվան պատճառ է դառնում։
Սուր լյարդային անբավարարությունը բնորոշվում է սուր կամ աստիճանաբար սկսվող ախտանիշներով և տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։ Ախտաբանական պրոցեսը կարող է սահմանափակվել զարգացման առաջին կամ երկրորդ շրջանով և ավարտվել առողջացմամբ։ Նկատվում է նաև լյարդային անբավարարության կայծակնային ընթացք, որի դեպքում մահացու ելքը զարգանում է մի քանի ժամվա ընթացքում։ Բուժումը։ Սուր լյարդային անբավարարության ժամանակ հիվանդը հոսպիտալացվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Կատարվում է հիմնական հիվանդության բուժում։ Քրոնիկական լյարդային անբավարարության ժամանակ բուժում են հիմնական հիվանդությունը։ Կոնսերվատիվ բուժումն առաջին հերթին պետք է նպատակամղել հեպատոցիտների ֆունկցիոնալ վիճակի բարելավմանը, որին նպաստում են անկողնային ռեժիմն ու բարձր կալորիականությամբ դիետան՝ ածխաջրերի հարուստ պարունակությամբ և սպիտակուցների խիստ սահմանափակումով, ընդհուպ մինչև բացառումը։ Աղիքներից սպիտակուցային քայքայման նյութերի հեռացման նպատակով կիրառում են լուծողական միջոցներ և հոգնաներ։ Նեխման պրոցեսների ընկճման նպատակով ներքին ընդունման ձևով տրվում են հակաբիոտիկներ։
|
Օրացույց | « Մայիս 2024 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|