Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթի և մանիտոլի կիրառման արդյունավետությունն օսմոթերապիայի շրջանակ
Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմոռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորագույն խնդիրը է հանդիսանում հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակառակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով, զարգանում են երկրորդային իշեմիկ խանգարումներ՝ անբարենպաստ անդրադարձ ունենալով հիվանդության ելքի վրա: Նորմալ գործունեության համար անհրաժեշտ 70 մմ սնդ. ս.-ից ոչ պակաս ուղեղի պերֆուզիոն ճնշում կարելի է ապահովել միայն ճիշտ ծրագրավորված ինֆուզիոն թերապիայով: Այս պարագայում կատեխոլամինների կիրառումը չի կարող լինել արդյունավետ, քանի որ դրանք բարձրացնելով համակարգային զարկերակային ճնշումը, ամենևին չեն ավելացնում ուղեղային արյունահոսքը: Որոշ հեղինակներ խուսափում են ն/ե հեղուկների ներմուծումից՝ պատճառաբանելով, որ ջրի պահումն օրգանիզմում կարող է խորացնել ուղեղի այտուցը և բարձրացնել ներգանգային ճնշումը: Սակայն ծավալային համալրումը բացասաբար չի անդրադառնա ուղեղի այտուցի զարգացման վրա, եթե օսմոլյարությունը պահվի նորմայի սահմաններում և չբարձրանա հիդրոստատիկ ճնշումը ուղեղային մազանոթներում, այսինքն՝ ինֆուզիոն թերապիայի շրջանակներում պետք է կիրառել բացառապես իզոտոնիկ և իզոօսմոտիկ հեղուկներ: Սակայն այս հիվանդների ինտենսիվ թերապիայում մեծ հետաքրքրություն է ներկայացնում գերօսմոլյարային բուժումը՝ հիպերտոնիկ լուծույթների կիրառմամբ: Ներանոթային հեղուկի օսմոտիկ ճնշման բարձրացումն ստեղծում է օսմոտիկ տարբերություն, որի շնորհիվ հեղուկն ինտերստիցիալ և ներբջջային տարածություններից անցնում է անոթային հուն՝ նվազեցնելով ուղեղի այտուցը միաժամանակ շտկելով վոլեմիան և պահպանելով ուղեղային պերֆուզիան: Նպատակը. Սույն աշխատանքի նպատակն է ուսումնասիրել ինտենսիվ թերապիայի շրջանակներում 7.5% NaCl-ի և մանիտոլի համեմատական ազդեցությունը՝ ԳՈւՎ-ով և հեմոռագիկ ինսուլտով հիվանդների մոտ: Նյութը և մեթոդները. Հետազոտության համար ընդգրկման չափանիշ հանդիսացել է 7.5 % NaCl-ի և մանիտոլի կիրառումը ԳՈւՎ-ով (n=25) և հեմոռագիկ ինսուլտով հիվանդների մոտ (n=14)՝ համակարգչային շերտանկարումով հաստատված ուղեղի այտուցի ժամանակ: 7.5% NaCl-ի լուծույթը ներմուծվել է կենտրոնական կամ ծայրամասային երակից շիթով 4 մլ/կգ դեղաչափով, մանիտոլը՝ ընդունված սխեմայով: Հիվանդների միջին տարիքը եղել է 44.7(19.2 (7–84) տարեկան, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ԻԹԲ) գտնվելու տևողությունը՝ 22.9(35.7 (3-143) oր, ծանրության աստիճանն` ըստ APACHE II 13.4(5.6 (7-24), գիտակցության մակարդակն ըստ Glasgow-ի սանդղակի ԻԹԲ ընդունվելիս՝ 8.3(4.1: Մահացիությունը կազմել է 53.8% (n=21): Կատարված կլինիկա – լաբորատոր ցուցանիշներից տվյալ հետազոտության համար հաշվի են առնվել միջին զարկերակային ճնշումը (ՄԶՃ), պլազմայի օսմոլյարությունը և օրվա դիուրեզը: ՄԶՃ-ը որոշվել է 7.5%-անոց NaCl-ի կամ մանիտոլի ներարկումից անմիջապես առաջ (I փուլ) և ինֆուզիայի ավարտից անմիջապես հետո (II փուլ): Օսմոլյարությունը և դիուրեզը որոշվել են նախքան հիպերտոնիկ լուծույթի կամ մանիտոլի ներարկումը (I փուլ) և ներարկումից 24 ժ. անց (II փուլ): Հետազոտության արդյունքները և նրանց քննարկումը. Հիպերտոնիկ լուծույթի ներարկման դեպքում դիտվել է ՄԶՃ աճ 5.4%-ով (88.6(19.9 մմ սնդ. սյ.՝ I փուլում, 93.4(16.9 մմ սնդ. ս.՝ II փուլում, p=0.01), որը պահպանվել է առաջիկա 12 ժ. ընթացքում: Ընդ որում, այն հիվանդների մոտ, որոնց ՄԶՃ-ը եղել է 80 մմ սնդ. սյ.-ից ցածր՝ 59.5(8.5 մմ սնդ. ս. (n=13), 7.5%-անոց NaCl-ի ներմուծումից հետո դիտվել է ՄԶՃ-ի աճ շուրջ 20%-ով (71.4(10.6 մմ սնդ. սյ., p=0.01): Մանիտոլի ներարկումից հետո գրանցվել է ՄԶՃ-ի վիճակագրորեն հավաստի նվազում 3.4%-ով (p = 0.02): Դիուրեզը մանիտոլի ներմուծումից հետո առանձնակի չի ավելացել (3.3(1.8 լ՝ I փուլում, 3.0(0.9 լ՝ II փուլում, p<0.05), սակայն, այնուհանդերձ, գրանցվել է ելային արժեքի համեմատ ակնհայտ հիպոտենզիա: Մինչդեռ NaCl-ի հիպերտոնիկ լուծույթը հիպոտոնիա չի առաջացրել, չնայած որ միաժամանակ դիտվել է դիուրեզի նկատելի աճ (2.6(1.4 լ՝ I փուլում, 3.1(1.9 լ՝ II փուլում, p=0.1): Օսմոլյարության արժեքների աճ երկրորդ փուլում դիտվել է ինչպես հիպերտոնիկ լուծույթի (p=0.05), այնպես էլ՝ մանիտոլի (p=0.02) ներարկումից հետո: Այսպիսով, ուղեղի այտուցի բուժման ժամանակ մանիտոլը և 7.5%-անոց NaCl-ի լուծույթն իրենց հակաայտուցային ազդեցությամբ ամենևին չեն զիջում մեկը մյուսին, սակայն նրանց ներգործումը հեմոդինամիկայի վրա և ուղեղ – ողնուղեղային պատնեշից անցնելու հավանականությունը լուրջ հիմք են հանդիսանում, որպեսզի մեկ անգամ ևս համակշռվի այս լուծույթների ճիշտ ընտրության խնդիրը: Եզրակացություն - Հիպոտոնիայից և հիպովոլեմիայից խուսափելու նպատակով անկայուն հեմոդինամիկայի պայմաններում օսմոթերապիայի ժամանակ առավելությունը տրվում է NaCl-ի հիպերտոնիկ լուծույթին:
- Հիպերտոնիկ լուծույթի վոլեմիկ ազդեցությունը նպաստում է նաև ուղեղային պերֆուզիայի լավացմանը, ինչը վճռորոշ նշանակություն ունի ուղեղային ախտահարում ունեցող հիվանդների բուժման ելքի համար:
- Քանի որ գանգուղեղային վնասվածքների ժամանակ ուղեղ - արյունային պատնեշի վնասման հավանականությունը մեծ է, ուստի՝ ներբջջային այտուցի զարգացումից և ներգանգային ճնշման երկրորդային բարձրացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել մանիտոլի այլընտրանքային միջոց՝ NaCl-ի հիպերտոնիկ լուծույթ, որը զերծ է նման կողմնակի ազդեցություններից:
|
Օրացույց | « Մայիս 2024 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|