ՈՒրբաթ, 03.05.2024, 11:28Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Փայտացում (տետանուս)


Սուր տարափոխիկ հիվանդություն է, որը բնորոշվում է տոնիկ բնույթի ցնցումներով և թույների ազդեցության հետևանքով զարգացող տարբեր բնույթի ընդհանուր խանգարումներով։

 

Էթիոլոգիան։ Հարուցիչը՝ Clostridium tetani, խոշոր, բազմաթիվ մտրակիկներով, շարժուն, 4-10 մկմ մեծության մանրէ է, ունի ծայրամասային հանգուցավորում (ծայրային սպոր), ըստ Գրամի ներկվում է, խիստ անաէրոբ է, զգայուն է թթվածնի նկատմամբ, վեգետատիվ ձևերն անկայուն են։ Սպորները շատ կայուն են, եռացնելիս ոչնչանում են 8 րոպեից, չորացման պայմաններում կենսունակությունը չեն կորցնում 10-11 տարի։ Կենսագործունեության ընթացքում հարուցիչնանջատում է երկու էկզոտոքսին՝ տետանոսպազմին, որն առաջացնում է միջաձիգ զոլավոր մկանների կծկում, և տետանոհեմոլիզին, որն ունի էրիթրոցիտալուծող ազդեցություն։

 

Էպիդեմիոլոգիան։ Հարուցիչը բազմանում է միայն ներթափանցման տեղում՝ արտադրելով մեծ քանակությամբ էկզոտոքսիններ։ Մանրէն պատկանում է նեկրոպարազիտնԵրի շարքին ևաճում է միայն անաէրոբ պայմաններում։ Արտադրված թույնը խիստ արտահայտված նյարդահակ (նեյրոտրոպ) հատկություն ունի։ Նա հասնում էմինչև ողնուղեղի և երկարավուն ուղեղի նեյրոններին և այնտեղ ստեղծում գերգրգռված վիճակ, որը և առաջ է բերում պրկումային (տետանիկ) ցնցումներ։ Պրոցեսի մեջ է ընդգրկվում նաև ուղեղի ցանցանման (ռետիկուլար) գոյացությունը, որը և պայմանավորում է ցնցումների տարածվածությունը։ Թույնն ազդում է նաև վեգետատիվ նյարդային համակարգի վրա։ Մահը կարող է զարգանալ կենսական կարևոր կենտրոնների սուր ախտահարման, ուստի և, նրանց անբավարարության հետևանքով։ Հիվանդանալուց հետո կայուն անընկալություն չի զարգանում և կրկնահիվանդացման հավանականությունը բավական բարձր է։

 

Կլինիկան։ Գաղտնի շրջանը միջին հաշվով 14-15 օր է, սակայն կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի ամիս։ Որքան կարճ է գաղտնի շրջանը և վարակի ներդրման դուռը մոտ է տեղադրված կենտրոնական նյարդային համակարգին, այնքան կլինիկական ընթացքը ծանր է, իսկ ելքն` անբարենպաստ։ Նախանշանային շրջանը կարող է չլինել կամ էլ արտահայտվել անհանգիստ վիճակով, գրգռվածությամբ, վերքի շրջանում ծակող բնույթի ցավերով և այրոցի զգացումով։

Բնորոշ և ամենաառաջնակարգ ախտանիշներից է ծամիչ մկանների կծկումները (տրիզմը)։ Այնուհետև զարգանում են դիմային մկանների կծկումներ, դեմքին տալով «սատանայական ժպիտ» կլինիկական ախտանիշը։ Աստիճանաբար տոնիկ ցնցումային վիճակի մեջ են ընդգրկվում նաև պարանոցի, ծոծրակի, վերին վերջույթների, մեջքի, կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների մկանախմբերը։ Տոնիկ կծկումների և մկանային գերտոնուսի հետևանքով զարգանում է հիվանդի բնորոշ աղեղնաձև դիրքը՝ օպիստոտոնուս։ Ցնցումները տարածվում է նաև ստոծանու վրա և կարող են առաջ բերել շնչառության կանգ՝ ստոծանու ֆիբրիլյացիայի հետևանքով։ Հիվանդը լինում է ծայրաստիճան դյուրագրգիռ, և աննշան արտաքին ազդակներից (նույնիսկ օդի հոսանքից) կարող է հիվանդի մոտ տանջալից ցնցումային նոպա զարգանալ։ Հիվանդի ջերմությունը սկզբնական շրջանում թեթևակի բարձրանում է, իսկ ցնցումների ժամանակ լինում է գերբարձր։ Նկատվում է առատ քրտնարտադրություն, գիտակցությունը, որպես կանոն, պահպանված է։ Հիվանդության ծանրության աստիճանը որոշվում է գաղտնի շրջանի կարճատևությամբ և ցնցումային նոպաների հաճախությամբ։

 

Նորածնային փայտացում։ Վարակի մուտքը պորտային վերքն է, գաղտնի շրջանը բավական կարճատև է՝ նույնիսկ մի քանի ժամ։ Հիվանդությունը սկսվում է բուռն, բարձր ջերմությամբ, անհանգիստ վիճակով, արտահայտված թունավորումով։ Երեխան հրաժարվում է կրծքից, ապա զարգանում է ցնցումային համախտանշան, բնորոշ է նաև թոքաբորբը։ Նորածնային տետանուսն ընթանում է չափազանց ծանր և մահացությունը հասնում է 50-95%-ի։

Կլինիկորեն արտահայտված փայտացումը տևում է 2-4 շաբաթ։ Հիվանդության 10-15 օրից տետանիկ ցնցումները դառնում են սակավ, ավելի մեղմ, իսկ 17-18 օրից՝ վերանում։ Մկանային տոնիկ լարվածությունը (մեջքի, որովայնի, ձկնամկանների) պահպանվում են 22-25 օր, երբեմն՝ ավելի։ Տրիզմը աստիճանաբար վերանում է, հաճախասրտությունը պահպանվում է բավականին երկար ժամանակ։

 

Ախտորոշումը։ Հիմնված է բնորոշ կլինիկական ախտանիշների առկայությամբ։ Լաբորատոր ախտորոշումը լայն կիրառում չունի, քանի որ ոչ միշտ է հաջողվում անջատել հարուցիչը։ Բնորոշ ախտանիշներն են տրիզմը, «սատանայական ժպիտը», կլման դժվարացումը կամ վերացումը (կլման մկանների լարվածության հետևանքով) , պարանոցի, կրծքի, մեջքի, ստոծանու, որովայնի, վերջույթների մկանների մշտական տոնիկ լարվածությունները։ Ֆալանգային մկանների լարվածություն չի լինում։ Նկատվում են պարբերական ցնցումներ, մկանացավեր, գերքրտնարտադրություն՝ մասնավորապես ցնցումների ժամանակ, մշտական հաճախասրտություն, շնչական խանգարումներ, միզարձակման և կղման ակտի դժվարացում, արտաքին ազդակների նկատմամբ գերզգայնաթյուն։

Տարբերակիչ ախտորոշման համար պետք է նկատի ունենալ հետևյալ հիվանդությունները` կատաղություն, հիստերիա, էպիլեպսիա, տարբեր պատճառների մենինգիտներ և էնցեֆալիտներ, ստրիխնինային թունավորում և այլն։

 

Բուժումը։ Կոմպլեքսային է և պետք է նպատակամղված լինի հետևյալ ուղղություններով՝

  1. վերքի վիրաբուժական մշակում,
  2. լիարժեք հանգիստ,
  3. տոքսեմիայի չեզոքացում,
  4. բարդությունների (թոքաբորբ, սեպսիս) կանխում,
  5. ցնցումային վիճակի մեղմացում և վերացում,
  6. թթվահիմնային ևջրաաղային հավասարակշռության պահպանում,
  7. պայքար հիպերթերմիայի դեմ,
  8. սրտանոթային և շնչական համակարգերի անխափան գործունեության ապահովում,
  9. սնուցման կազմակերպում։

Երկրորդային վարակի միացումը կանխելու նպատակով հիվանդին պետք է տրվեն հակաբիոտիկներ։ 
Փայտացման դեմ չպատվաստվածներին վերք ստանալուց հետո պետք է կատարել ակտիվ-պասսիվ իմունացում: Նախքան շիճուկի ներարկելը, պետք է դնել ներմաշկային փորձը՝ 0,1 մլ, 1:100 նոսրացրած շիճուկով, որի բացասական ռեակցիայի դեպքում (մինչև 0,9մմ տրամագծով թեթևակի հիպերեմիա) 20 րոպե հետո կատարել 0,1 մլ հակատետանիկ շիճուկ միջմկանային, որից ևս 30 րոպե անց ներարկել մնացած շիճուկը (շիճուկաբուժման հիմնական սկզբունքը ներկայացվում է յուրաքանչյուր շիճուկին կից հրահանգով)։ Նոսրացրած շիճուկի նկատմամբ գերզգայնության դեպքում շիճուկի հետագա ներարկումը պետք է կատարել նախնական դեսենսիբիլիզացիայի ֆոնի վրա (ընդհուպ մինչև ընդհանուր անզգայացումը), կոտորակային ձևով։

Վերջին ժամանակներս օգտագործվում է սպեցիֆիկ գամագլոբուլին, որը տալիս է լավ հակատոքսիկ արդյունք։

Հիվանդը պարտադիր ձևով պետք է գտնվի ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակում կամ վերակենդանացման բաժանմունքում՝ ապարատային ղեկավարվող շնչառության կազմակերպման նպատակով։

Սնուցումը կազմակերպվում է պարենտերալ (ալվիզին, ամինոն և այլն) և էնւոերալ՝ զոնդային ճանապարհով, երբեմն և սնուցող հոգնաների ձևով։

Ջրաաղային և թթվահիմնային հավասարակշռության կարգավորումը կատարվում է հանրահայտ բոլոր միջոցներով։

Կարևոր նշանակություն ունի նաև հիվանդի խնամքը՝ հաճախակի դիրքափոխումը, պառկելախոցերի և ստորականգային (հիպոստատիկ) թոքաբորբերի կանխման նպատակով։

Անհրաժեշտության դեպքում հիվանդի տեղափոխումը պետք է կատարվի միայն համապատասխան բժշկական բրիգադի ուղեկցությամբ և բավարար հակացնցումային արդյունքից հետո։

 

Կանխարգելումը։ Ստացված վերքերի վիրաբուժական մշակումն է և իմունացումը։ Սպեցիֆիկ կանխարգելում (տե՛ս «Դիֆթերիա») :

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites