Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա (կլինիկական դեպքի նկարագրություն)
Շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա (կլինիկական դեպքի նկարագրություն)
Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության անամնեզը` մոտ 5 ամիս է, երբ նկատել է գոյացություն շեքի շրջանում, վերջին ամսում նշել է գոյացության ինտենսիվ մեծացում, ցավեր և դժվարամիզություն: Մաշկը և տեսանելի լորձաթաղանթները նորմալ գունավորման են, լեզունմաքուր է, խոնավ: Զ/Ճ – 120/80մմ ս.ս., պուլս – 80զ/ր, ռիթմիկ, ջերմություն – 36,70C:
Զննման տվյալներով` արտաքին սեռական օրգանները զարգացած են արական տիպի, շեքի` առավելապես միզասեռական շրջանում, առկա էր մոտ 12,0 x 7,0սմ չափերի, անհարթ մակերեսով, պինդ-էլաստիկ կոնսիստենցիայի, համեմատաբար հստակ եզրագծերով, սահմանափակ շարժունակությամբ ուռուցքային գոյացություն, որի պրոյեկցիայով մաշկնանփոփոխ էր, շարժունակությունը` պահպանված: Ամորձիների չափերը և կոնսիստենցիան պահպանված են` հրված վեր: Աճուկային շրջանների շոշափումը մեծացած ավշահանգույցներ չի հայտնաբերել (նկ.1):
| | Նկար 1 |
Ռեկտալ մատնային հետազոտությամբ` ուղիղ աղու առաջային պատի պրոյեկցիայով նշված գոյացությունը անհարթ մակերեսով է, պինդ-էլաստիկ կոնսիստենցիայի, շարժունությունը` սահմանափակ, վերին սահմանը չի որոշվում, ուղիղ աղու լորձաթաղանթն անփոփոխ:
Կատարված հետազոտություններով` արյան ընդհանուր, կենսաքիմիական, սերոլոգիական հետազոտությունների տվյալները նորմայի սահմաններում են, ԷՍԳ – սինուսային ռիթմ, 80զ/ր: Կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական հետազոտություն` կրծքավանդակի օրգանները ռենտգեն նորմայի սահմաններում են:
ՈւՁՀ – որովայնի և կոնքի օրգաններն անփոփոխ են, հետորովայնամզային մեծացած ավշահանգույցներ չկան: Շեքի շրջանում առկա է մոտ 12,0 x 7,0սմ չափերի, անհարթ մակերեսով, համեմատաբար հստակ եզրագծերով ուռուցքային գոյացություն: Կոմպյուտերային տոմոգրաֆիա ն/ե կոնտրաստավորմամբ և ՄՌՏ – նշված 12,0 x 7,0սմ չափերի հյուսվածքային գոյացություննարտաօրգանային է, չի բացառվում հպում առնանդամի աջ ոտիկին և միզուկի սպունգանման հատվածի հետ (նկ. 2):
| | Նկար 2 |
Կատարվել է գոյացության միջշեքային տրեպան-բիոպսիա: Բիոպտատի հյուսվածաբանական հետազոտություն` նկարագրվել են չարորակ բջիջներ, սակայն հյուսվածաբանորեն գոյացության պատկանելիությունը հնարավոր չի եղել որոշել:
Ախտորոշվել է շեքի շրջանի արտաօրգանային գոյացություն:
Նախավիրահատական համապատասխան պատրաստումից հետո ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է շեքի գոյացության լայն հեռացում (նկ. 3): Ներվիրահատական ռևիզիայի տվյալներով` գոյացությունը մասնակիորեն զբաղեցնում էր m. bulbospongiosus-ը, m. ishchiocavernosus-ը, m. transversus perinei superficialis-ը: Գոյացությունը հպված էր առնանդամի ոտիկներին և միզուկի սպունգային հատվածին, դեպի վեր ճնշում էր m. transversus perinei profundus-ին, դեպի հետ` հետանցքային եռանկյան մկաններին, սակայն ներաճի նշաններ չկային (նկ. 3,4): Նկար 3
Հյուսվածքային գոյացությունը հեռացվեց առողջ հյուսվածքների սահմաններում, մեկ ամբողջականությամբ` պահպանելով աբլաստիկայի կանոնները: Վիրահատության ընթացքում արյան կորուստը` մոտ 50մլ:
| | Նկար 4 |
Հյուսվածաբանական հետազոտություն – լիմֆոսարկոմա (նկ. 5):
| | Նկար 5 |
Հետվիրահատական շրջանում վերքը լավացել է առաջնային ձգումով, միզուկային կատետրը հեռացնելուց հետո միզարձակությունը ազատ է, անցավ:
Մենք չհայտնաբերեցինք գրականության մեջ լիմֆոսարկոմաների համար փուլավորման և տարբերակման դասակարգման պատշաճ համակարգ: Ընդհանուր առմամբ տվյալ դեպքում կիրառելի կարելի է համարել փափուկ հյուսվածքային սարկոմաներին վերաբերող հայտնի դասակարգման համակարգերը: Նմանատիպ գոյացությունների տեղային կրկնողության համար կարևորագույն կանխորոշիչ գործոն հանդիսանում է վիրաբուժական սահմանների վիճակը, իսկ մետասթազավորման համար` տարբերակման աստիճանը: Չկա միանշանակ կարծիք նաև նեոադյուվանտ կամ ադյուվանտ ճառագայթային և քիմիաթերապիայի վերաբերյալ: Կան տվյալներ ադյուվանտ ճառագայթային թերապիայի վերաբերյալ ոչ ադեկվատ վիրաբուժական սահմանների դեպքում: Տվյալ դեպքում ուռուցքի վիրաբուժական սահմանները եղել են ուռուցքային հյուսվածքից զերծ: Քիմիաթերապիան (դօքսոռուբիցին իֆոսֆամիդ սխեմայով) առաջարկվում է հիվանդության մետասթատիկ փուլոււմ: Բարձր դիֆերենցված ուռուցքների և տեղային կրկնողության դեպքերում քիմիաթերապիայի արդյունավետությունը ցածր է: Բուժման ավարտից հետո սահմանվել է դինամիկ հսկողություն (ընդհանուր կլինիկական և ՄՌՏ` տարեկան 2 անգամ մոտակա 5 տարում, իսկ այնուհետև տարեկան մեկ անգամ 5 տարի շարունակ):
Այսպիսով, շեքի շրջանի լիմֆոսարկոման համարվում է հազվադեպ հանդիպող չարորակ նորագոյացություն, որի նախավիրահատական ռադիոլոգիական ախտորոշումը վճռորոշ պետք է համարել դասակարգման և արմատական բուժում կազմակերպելու համար: Վիրահատությունը համարվում է բուժման հիմնական եղանակ ինչպես ոչ մետասթատիկ, այնպես էլ մետասթատիկ ուռուցքների դեպքում, իսկ վիրահատական սահմանների վիճակը վճռորոշ է որպես կրկնողության կանխորոշիչ գործոն (ըստ գրականության տվյալների): Հյուսվածաբանական կառուցվածքը և տարբերակման աստիճանը կարևորագույն դեր ունեն լիմֆոսարկոմայի մետասթատիկ պոտենցիալի որոշման գործում:
|
Օրացույց | « Մայիս 2024 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|