ՈՒրբաթ, 03.05.2024, 11:20Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Սուր թունավորումներ. բենզին, բորաթթու, դիմեդրոլ, թթուներ, թմրաբեր (նարկոտիկ) ցավազրկողներ, կոֆեին, հ


Բենզին (նավթ, սկիպիդար),  բորաթթու,  դիմեդրոլ (դիպրազին, պիպոլֆեն, սուպրաստին և այլ հակահիստամինային միջոցներ),  թթուներ (ազոտական թթու, ծծմբական թթու, աղաթթու, քացախաթթու և այլն),  թմրաբեր (նարկոտիկ) ցավազրկողներ (մորֆին, օմնոպոն, պանտոպոն, պրոմեդոլ, հերոին, կոդեին, տեկոդին, ֆենադոն),   կոֆեին (էուֆիլին, թեոֆիլին, թեոֆեդրին և այլ քսանթիններ), հիմքեր (ամոնիակ, անուշադրի սպիրտ և այլն), մարգանցաթթվական կալիում, շմոլք (շմոլ, ածխաթթվային գազ, ածխածնի օքսիդ)

 

ԲԵՆԶԻՆ (նավթ, սկիպիդար)


Ընդունած նյութի ընդհանուր չափի, օրգանիզմ թափանցման ճանապարհի և նյութի որակի հետ կապված զարգանում են թեթև, միջին ծանրության և ծանր ձևերի թունավորումներ։ Սկիպիդարային թունավորումներ հազվադեպ են հանդիպում։


Բենզինի կլման ժամանակ, առաջին հերթին, առաջ է գալիս ստամոքսի, հազվադեպ աղիքների լորձաթաղանթների գրգռում: Բենզինի, նավթի գոլորշիների ներշնչումն անհամեմատ ավելի վտանգավոր է, քան պատահական կուլ տալը, որովհետև ներշնչման ճանապարհով օրգանիզմ թափանցելու դեպքում նրանց թունականությունԸ 100-140 անգամ ավելի բարձր է լինում, քան խմելիս։ Բենզինի կամ նավթի գոլորշիներն առաջացնում են բրոնխների էպիթելի վնասում, բորբոքային, անգամ մեռուկային փոփոխություններ։ Զարգանում են բորբոքային մանր օջախներ, որոնք հետագայում կարող են մեծանալ, ձուլվել միմյանց և ընդգրկել թոքի բիլթը կամ նույնիսկ ամբողջ թոքը։ Ծանր թունավորման ժամանակ զարգանում են ատելեկտազներ, թոքերի հեմոռագիկ այտուց՝ վարակի հետագա միակցումով։ Բենզինի կամ նավթի կուլ տալն առաջացնում է սրտխառնոցի երևույթներ, փսխում:


Թունավորումը կլինիկորեն արտահայտվում է շնչական ուղիների ախտահարման նշաններով՝ հևոցով, կապտուկով, արյունային խորխով, ծանր դեպքերում՝ թոքերի այտուցով, կոմայով և ավարտվում է մահով։ Թունավորումից մի քանի ժամ անց նկատվում է նաև ջերմության բարձրացում։ Վարակի միացման դեպքում թոքերում կարող են զարգանալ թարախային փոփոխություններ, որոնք խիստ վատթարացնում են հիվանդի վիճակը։


Սկիպիդարային թունավորման դեպքում կերակրափողում և որովայնում առաջանում են ուժեղ ցավեր, արյան խառնուրդով փսխումներ, լուծ, խիստ թուլություն, գլխապտույտ։ Հնարավոր է հոգեշարժ դրդում, զառանցանք, ցնցումներ, գիտակցության կորուստ, մեխանիկական շնչահեղձության տիպի շնչառության խանգարումներ։ Սկիպիդարը ընտրողական նեֆրոտոքսիկ ազդեցություն է ունենում։ Այդ պատճառով հիվանդների մոտ լինում է արյունամիզություն, ալբումինամիզություն։ Ծանր դեպքերում կարող է զարգանալ անուրիա, ուռեմիա։


Բուժումը։ 
Ստամոքսի լվացում, որից առաջ երեխային պետք է խմեցնել կամ զոնդով ստամոքս ներմուծել վազելինային յուղ (3 մլ/կգ զանգվածի հաշվով)՝ բենզինի, նավթի կամ սկիպիդարի լուծման նպատակով։ Առաջարկվում է զոնդը մտցնել քթից, որը նվազեցնում է փսխման վտանգը և թոքային բարդությունների առաջացումը։ Ստամոքսի լվացումից հետո ներմուծվում է ակտիվացրած ածուխ և աղային լուծողական։ Փսխման միջոցների նշանակում չի թույլատրում։ Թոքային բարդությունների կանխարգելման նպատակով երեխային անհրաժեշտ է պառկեցնել անկողնում, նշանակել պրեդնիզոլոն, կալցիումի քլորիդ, թթվածնաբուժում, ասկոռուտին և այլն։ Կանխարգելման նպատակով ցանկալի է հակաբիոտիկների կիրառումը։ Զարկերակային ճնշման անկման դեպքում կատարվում են պլազմային փոխարինող հեղուկների, մեզատոնի լուծույթի կաթիլային ներարկումներ։ Գրգռման և ցնցումների ժամանակ նշանակվում են դիազեպամ, սեդուքսեն։

 

Սրտի գործունեության թուլության դեպքում՝ սրտախթանող միջոցներ։


ԲՈՐԱԹԹՈՒ


Թունավորումը հաճախ զարգանում է այլ դեղամիջոցի փոխարեն սխալմամբ բորաթթու խմելու դեպքում։ Երեխաների համար մահացու է համարվում 500 մգ/կգ չափը։


Թունավորման սկզբնական աշտանիշներն են որովայնի ցավերը, փսխումը, լուծը։ Երեխայի մաշկի, առաջին հերթին, ափերի ու ներբանների վրա հայտնվում է կարմրություն, շտա-բազմաբծային, եղնջային կամ քութեշանման տարրերով ցաներ։ Ավելի ուշ զարգանում են երիկամային ֆունկցիայի ծանր խանգարումներ՝ ալբումինամիզություն, գլանամիզություն, սակավամիզություն, անմիզություն։ Լինում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման նշաններ՝ հոգեշարժ դրդում, մենինգիալ աշտանիշներ, ցնցումներ, կոլապս, շնչաոության խանգարումներ։


Բուժումը։ Ստամոքսի լվացում։ Լվացման համար նպատակահարմար է օգտագործել նատրիումի հիդրոկարբոնատի 1-2%-անոց լուծույթ, ավելացնելով նրան մանիտոլ կամ 5%-անոց սորբիտ։ Բորաթթվի հակաթույնը դեռևս հայտնի չէ։ Օրգանիզմից նրա հեռացման համար միզարտադրությունը ուժեղացվում է։ Կատարվում է էքստրակորպորալ հեմոդիալիզ կամ որովայնամզային դիալիզ։ Հյուսվածքային շնչառության կարգավորման նպատակով պարենտերալ ներարկվում է ռիբոֆլավին մոնոնուկլեոտիդ (օրը մինչև 10 մգ/կգ)։

 

Նյութափոխանակային ացիդոզի կոմպենսացման համար ներերակային ներարկվում է նատրիումի հիդրոկարբոնատի կամ տրիսամինի լուծույթ։ Կիրառվում են նաև երիկամային սուր անբավարարության կանխարգելման միջոցառումներ:


ԴԻՄԵԴՐՈԼ (Դիպրազին, պիպոլֆեն, սուպրաստին և այլ հակահիստամինային միջոցներ)


Կյանքի առաջին տարիների երեխաների համար թունավոր են համարվում դեղամիջոցների 100-150 մգ դեղաչափերը։ Հակահիստամինային դեղորայքները լավ լուծվում են ճարպերում, արագ ներծծվում են ստամոքսաաղիքային ուղուց և թափանցում են բոլոր հյուսվածքները, այդ թվում նաև կենտրոնական նյարդային համակարգ։ Արյան մեջ բարձր խտությունը պահպանվում է 18- 24 ժամվա ընթացքում։


Թունավորման կլինիկական արտահայտությունները կապված են կենտրոնական նյարդային համակարգի վրա դեղորայքի թունավոր ազդեցությունից։ Լինում է թորշոմածություն, քնկոտություն, մկանային լարվածության իջեցում։ Որոշ հիվանդների մոտ հնարավոր է գրգովածություն, անհանգստություն։ Շատ հաճախ նկատվում են գերշարժումներ (հիպերկինեզ), մկանային կծկումներ, տոնիկ և կլոնիկ ցնցումներ։ Ծանր դեպքերում՝ հալուցինացիաներ, զառանցանք։ Լինում են նաև մաշկի գերարյունություն, ջերմություն, բբերի լայնացում, հաճախասրտություն։ Զարգանում է նաև կոմային վիճակ, սրտային գործունեության անկում։


Բուժումը։
 Թունավորումից հետո 4 ժամվա ընթացքում ստամոքսի լվացում։ Նշանակվում է սիֆոնային հոգնա։ Դեղորայքի խտությունն արյան մեջ իջեցնելու նպատակով ներարկվում է հեմոդեզ և այլ պլազմային փոխարինողներ, նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթ, գլյուկոզայի 5%-անոց լուծույթ։ Միզամուղ միջոցների (ֆուրոսեմիդ, մանիտոլ և այլն) անարդյունավետության դեպքում կիրառվում է հեմոդիալիզ կամ որովայնամզային դիալիզ։ Միաժամանակ անհրաժեշտ է կատարել էլեկտրոլիտային հաշվեկշռի կարգավորում՝ նատրիումի և կալիումի պատրաստուկների ներարկումով։ Լյարդի ֆունկցիոնալ ակտիվության խթանման նպատակով նշանակվում է հիդրոկորտիզոն, պրեդնիզոլոն և այլն։


Շարժողական գրգռվածության կամ ցնցումների ժամանակ օգտագործում են նատրիումի օքսիբուտիրատ, նատրիումի ֆենոբարբիտալ, քլորալ հիդրատ։ Լայնորեն կատարվում է թթվածնաբուժում, նշանակվում են վիտամիններ։ Անհրաժեշտ են միջոցառումներ թոքաբորբի, թոքերի և ուղեղի այտուցի կանխարգելման նպատակով։


ԹԹՈԻՆԵՐ (Ազոտական թթու, ծծմբական թթու, աղաթթու, քացախաթթու և այլն)


Թթուներով թունավորումները սովորաբար երեխաների մոտ լինում են պատահական, այն անփույթ պահելու հետևանքով։ Չեն բացառվում նաև թունավորումները կենցաղային քիմիայի պատրաստուկներով, որոնց բաղադրության մեջ թթուներ կան։ Թթվի թունավոր դեղաչափը կախված է մի շարք գործոններից՝ թույնի ընդունման պահին ստամոքսի լցվածության աստիճանից, փսխման ռեֆլեքսի առաջացման արագությունից, օրգանիզմի ընդհանուր ռեակտիվականությունից, առաջին բժշկական օգնություն ցույց տալու ժամկետներից։ Թթուները ցուցաբերում են տեղային այրող, հեմատոքսիկ և նեֆրոտոքսիկ (օրգանական թթուներ) ազդեցություններ։ Թթուների ընդունման ժամանակ և հյուսվածքների հետ նրանց շփման դեպքում զարգանում է այրվածք, որն առաջացնում է սուր ցավեր և շոկ։ Հատկապես այրող ազդեցություն են թողնում անօրգանական թթուները (ազոտական թթու, ծծմբական թթու, աղաթթու): Բերանի խոռոչի, բկանցքի, նշիկների լորձաթաղանթը դառնում է խիստ գերարյուն, այտուցված և արյունահոսում է։ Լինում են շատ ուժեղ ցավեր կոկորդում, որկորի ուղղությամբ, ստամոքսի շրջանում։ Կոկորդի այտուցն առաջացնում է ձայնաճեղքի նեղացում և շնչահեղձություն։ Ձայնը դառնում է խռպոտ։ Հայտնվում է տանջալից փսխում արյան խառնուրդով, արյունային լուծ։ Երկրորդ օրը նկատվում է ջերմություն, պակասում է օրվա մեզը։ Երեխան գրգռված է, պուլսը՝ հաճախացած, զարկերակային ճնշումր՝ բարձր։ Ծանր դեպքերում խիստ ընկնում է զարկերակային ճնշումը, հարաճում են սիրտ-անոթային անբավարարության երևույթները, զարգանում է թոքերի այտուց։


Քացախաթթվով, թրթնջկաթթվով և այլ օրգանական թթուներով թունավորվելիս թունավորման առաջին իսկ րոպեներից սկսած զարգանում է ացիդոզ, հեմոլիզ և հեմոգլոբինուրիա։ Ծանր դեպքերում, թունավորումից մի քանի ժամ հետո, առաջանում է արտահայտված թերմակարդում (հիպոկոագուլյացիա), որը բերում է առատ, դժվարությամբ դադարեցվող արյունահոսությունների։ Ծանր դեպքերում, հատկապես քացախաթթվային թունավորումից, առաջին օրվա վերջում հեմոլիզի հետևանքով առաջ է գալիս մաշկի դեղնություն։ Մեզն ընդունում է մուգ-շագանակագույն տեսք։ Լյարդը մեծացած է, ցավոտ։ Խանգարվում է հեմոդինամիկան։ Երիկամների իշեմիան, մակարդման համակարգի փոփոխությունները բերում են լյարդային սուր անբավարարության զարգացման։ Թրթնջկաթթվային թունավորման ժամանակ արագ զարգանում է հիպոկալցիեմիա, որը բերում է տետանիկ և կլոնիկ ցնցումների։ Թունավորման առաջին 2 օրերին մահը կարող է առաջանալ շոկից, շնչահեղձությունից, սիրտ-անոթային անբավարարությունից։ Հետագա շաբաթներում սովորաբար նկատվում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են թարախային տրախեոբրոնխիտը, հեմոռագիկ թոքաբորբը, ստամոքսի թափածակումը, առատ արյունահոսությունները, երիկամային և լյարդային անբավարարությունը։


Բուժումը։ Ախտահարված հատվածների լվացում՝ ջրի առատ քանակով, սառը ջրով ստամոքսի լվացում՝ բուսական յուղով կամ վազելինով պատված զոնդի օգնությամբ։ Մինչև լվացումը ենթամաշկային ներարկվում է պրոմեդոլ և ատրոպին։ Ստամոքսի լվացումը նպատակահարմար է կատարել նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով կամ մագնեզիումի օքսիդի 2%-անոց կախուկով, որոնք չեզոքացնում են թթուները։ Սոդայով ստամոքսի լվացումը պետք է կատարել մեծ զգուշությամբ, որովհետև գոյացած ածխաթթվի մեծ քանակը կարող է ստամոքսի պատի թափածակում առաջացնել։ Ստամոքսի լվացում կարելի է կատարել թունավորումից հետո առաջին երկու ժամերի ընթացքում, քանի ոո հետագա ժամերին զարգանում է կոկորդի այտուց և, բացի այդ, պետք է հաշվի առնել զոնդով կերակրափողի կամ ստամոքսի թափածակման վտանգը։ Ջրաաղային հաշվեկշռի վերականգնման համար ներերակային ներարկվում է պլազմա, գլյուկոզայի 5%-անոց լուծույթ, ֆիզիոլոգիական լուծույթ, հեմոդեզ, ռեոպոլիգլյուկին: Ացիդոզի դեմ պայքարի նպատակով ներերակային ներարկվում է նատրիումի հիդրոկարբոնատ կամ տրիսամին։ Արյան զգալի կորստի դեպքում կատարվում է արյան փոխներարկում։ Սրտի աշխատանքի խանգարման ժամանակ տրվում է ստրոֆանթին, կորդիամին, կոֆեին (ենթամաշկային): Արյունահոսության կանխարգելման նպատակով կիրառվում են կալցիումի պատրաստուկներ, վիկասոլ և այլն։ Կոկորդի այտուցի դեպքում՝ տաքացնող միջոցներ պարանոցին, աերոզոլային ինհալացիա (նատրիումի հիդրոկարբոնատ, էֆեդրին, նովոկաին), հորմոնային թերապիա (հիդրոկորտիզոն, պրեդնիզոլոն)։ Շնչահեղձության ժամանակ կատարվում է տրախեոստոմիա։ Այրված մակերեսների տեղային բուժման համար ներքին ընդունման ձևով յուրաքանչյուր 3 ժամը 1 անգամ տրվում են հեղուկ դեղախառնուրդներ հետևյալ կազմությամբ՝ 200 մլ արևածաղկի յուղի 19% էմուլսիա, 2գ անեսթեզին, 2գ քլորտետրացիկլին։ Ներարկվում են վիտամիններ (B12, B1, B6, A)։ Առաջին մի քանի օրերին նշանակվում է 1ա դիետա, այնուհետև՝ 5ա դիետա (ըստ Պևզների)։ Առաջին օրը տրվում է բուսական յուղ և ներերակային ներարկվում գլյուկոզա, հետագայում՝ հում ձու, եփուկներ՝ ճարպերի և սպիտակուցների սահմանափակումով: Թրթնջկաթթվային թունավորման ժամանակ բուժական միջոցառումների կոմպլեքսում ավելացվում են նաև կալցիումի պատրաստուկներ։


ԹՄՐԱԲԵՐ (ՆԱՐԿՈՏԻԿ) ՑԱՎԱԶՐԿՈՂՆԵՐ (մորֆին, օմնոպոն, պանտոպոն, պրոմեդոլ, հերոին, կոդեին, տեկոդին, ֆենադոն)


Այս խմբի ղեղորայքները հատկապես թունավոր են կրտսեր տարիքային խմբի երեխաների համար։ Կլինիկական հիմնական աշտանիշների առաջացումը կապված է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի ընկճման, հիստամինի առաջացման և օքսիդացման պրոցեսների թուլացման հետ։ Հիմնական ախտանիշը, որը և որոշում է թունավորման ծանրությունն ու ելքը, շնչառության խանգարումն է։ Զարգանում է տարբեր աստիճանի հիպոքսեմիա, հիպոքսիա և նույնիսկ անոքսիա։ Շնչառությունը հաճախանում է, դառնում մակերեսային, առաջ է գալիս կապտուկ։ Հիստամինի անջատման հետ կապված կարող է զարգանալ բրոնխների սպազմ, որն իր հերթին առաջ է բերում շնչառության խանգարում։ Ծանր թունավորումների դեպքում բավականին հաճախ հանդիպող բարդություն է թոքերի այտուցը։ Նյարդային համակարգի ախտահարման հետևանքով սկիզբ են առնում տեղային և համատարած ցնցումներ։ Զարգանում է կոմային վիճակ, որին սովորաբար նախորդում է դրդումը։ Բբերը նեղացած են, ռեակցիան լույսի նկատմամբ բացակայում է։ Լինում է միզակապություն, կղանքի արտաթորման ուշացում։ Մահվան հիմնական պատճառը շնչառության դադարն է։


Բուժումը։ Ստամոքսի լվացում։ Նշանակվում են փսխման միջոցներ։ Տրվում է աղային լուծողական, կատարվում է մաքրող հոգնա։ Կոմային վիճակի դեպքում, մինչև ստամոքսի լվացումը, անհրաժեշտ է հիվանդի մոտ կատարել ներփողարկում (ինտուբացիա)։ Թմրաբեր ցավազրկողների հակազդեցիչներն են նալորֆինը և նալոքսանը, որոնք ներարկվում են ներերակային կամ ենթամաշկային։ Նալորֆինը (անտորֆին) մինչև մեկ տարեկան երեխաներին նշանակվում է 0,1-0,2 մգ, բարձր տարիքի երեխաներին՝ 0,5-1 մգ կյանքի յուրաքանչյուր տարվա հաշվով, 15-16 տարեկաններին՝ 10 մգ դեղաչափերով։ Անհրաժեշտության դեպքում 15-20 րոպե անց նշանակումը կարելի է կրկնել։ Նալոքսանը ներարկվում է կաթիլային ձևով՝ ներերակային, երկարատև՝ մինչև 8-10 ժամ, 0,01 մգ/կգ դեղաչափով։ Նշված դեղորայքը կարելի է փոխարինել էթիմիզոլով։ Ացիդոզի դեմ պայքարելու նպատակով լրացուցիչ տրվում են հիմնային լուծույթներ (նատրիումի հիդրոկարբոնատ) և կալիումի պատրաստուկներ։ Թոքերի այտուցի դեպքում ցուցված են պրեդնիզոլոնը, դեքսամեթազոնը և այլն։ Հակահիստամինային միջոցներից նշանակվում են սուպրաստին կամ դիազոլին։ Անհրաժեշտ է պահպանել օրամեզի քանակությունը։ Այդ նպատակով հիվանդին տրվում են հեղուկի մեծ քանակներ (թոքերի այտուցի բացակայության դեպքում), ֆիզիոլոգիական լուծույթ, գլյուկոզայի լուծույթ և այլն։ Անհրաժեշտության դեպքում մեզը հեռացվում է կաթետերով։ Գրգռվածության կամ ցնցումների դեպքերում նշանակվում են բարբիտուրատներ։ Թունավորված երեխային պետք է տաքացնել, քանի որ հնարավոր է մարմնի ջերմության իջեցում։


ԿՈՖԵԻՆ (էուֆիլին, թեոֆիլին, թեոֆեդրին և այլ քսանթիններ)


Քսանթինները սովորաբար առաջացնում են շատ ծանր թունավորումներ։ Մահացու կարող են լինել նրանց տարբեր դեղաչափերը՝ սկսած 20 մգ/կգ-ից մինչև 300 մգ/կգ երեխայի զանգվածին։ Հատկապես վտանգավոր են այն դեղորայքը, որոնք, բացի քսանթիններից, պարունակում են նաև էֆեդրին, որը մեծացնում է տվյալ դեղամիջոցի թունականությունը։ Դեղորայքները շատ լավ ներծծվում են և արյան մեջ առավելագույն խտությունը զարգանում է 1-5 ժամում։


Թունավորման հիմնական կլինիկական աշտանիշները պայմանավորված են կենտրոնական նյարդային համակարգի դրդումից և սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի խանգարումից։


Կենտրոնական նյարդային համակարգի դրդումն արտահայտվում է շարժողական ակտիվության բարձրացումով; Զարգանում է դողոց, ձեռնածություն (ժեստիկուլյացիա), գերռեֆլեքսություն, ցնցումներ։ Միաժամանակ դիտարկվում են նաև հոգեկան գործունեության խանգարումներ՝ ապակողմնորոշում, զառանցանք, հալուցինացիաներ։ Կապված երկարավուն ուղեղի դրդման հետ զարգանում է շնչառության հաճախացում և խորացում, փսխում։ Վերջինս ոչ միշտ է կապված սննդի ընդունման հետ, որովհետև կենտրոնական ծագում ունի։ Հաճախ խանգարվում է սրտի ռիթմը, որն արտահայտվում է հաճախասրտությամբ։ Անոթների թափանցելիության բարձրացման հետևանքով բրոնխների լուսանցքում և ալվեոլներում կուտակվում է հեղուկ, առաջ են գալիս թաց խզզոցներ, կարող է զարգանալ ուղեղի այտուց։ Ծանր դեպքերում զարգանում են արյունահոսական երևույթներ՝ արյունազեղումներ լյարդում, երիկամներում, գլխուղեղում, ստամոքսաաղիքային արյունահոսություններ։ Հնարավոր է խոցերի առաջացում որկորի, ստամոքսի և աղիքների լորձաթաղանթում։

 

Հիվանդների մեծ մասի մոտ ջերմությունը բարձրանում է, բբերը լայնանում են։ Լույսի նկատմամբ ռեակցիան պահպանվում է։


Կապված քսանթինային թունավորման ծանրությունից տարբերում են թունավորման հետևյալ աստիճանները։

 

  • Թեթև աստիճանի թունավորում, արտահայտվում է սրտխառնոցով, փսխումով, գրգռվածությւսմբ և անհանգստությամբ։
  • Միջին աստիճանի թունավորման դեպքում լինում են գերռեֆլեքսություն, շարժողական անհանգստություն, հաճախակի փսխումներ, ծարավի զգացում, հաճախասրտություն, ջրազրկում և չափավոր ջերմություն։
  • Ծանր աստիճանի թունավորման դեպքում զարգանում են հոգեշարժ գրգռվածություն, ցնցումներ, հաճախակի արյունախառը փսխում, ջրազրկման ուժեղ աստիճան, սառը քրտինք, գունատություն, բարձր ջերմություն, հաճախասրտություն, հնարավոր է սրտի փորոքների թելիկախաղ (ֆիբրիլյացիա)։

 

Մահվան պատճառ կարող է դառնալ կոլապսը, սրտային անբավարարությունը, ստամոքսային կամ այլ արյունահոսությունները և արյունազեղումները։


Բուժումը։
 
Ստամոքսի լվացում, մաքրող հոգնա։ Քանի որ քսանթիների խտությունն արյան մեջ բարձր է լինում, այդ իսկ պատճառով պետք է երկար ժամանակ պահպանել դիուրեզը։ Ներարկվում են հեղուկների մեծ քանակներ, գլյուկոզայի 5%-անոց լուծույթ, հեմոդեզ կամ պոլիգլյուկին, կատարվում է արյան փոխներարկում։ Անհրաժեշտության դեպքում իրագործվում է որովայնամզային դիալիզ կամ հեմոդիալիզ։ Ջրազրկման դեպքում՝ առատ հեղուկներ, ներարկվում է նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթ, նշանակվում են կալիումի ու թիամինի դեղորայքներ։ Անոթների բարձրացած թափանցելիության վերացման և արյունահոսությունը թուլացնելու նպատակով նշանակվում են ասկորբինաթթու, ռուտին (ասկոռուտին), գլյուկոկորտիկոիդներ (պրեդնիզոլոն և այլն)։


Արտահայտված փսխումների ժամանակ նշանակվում են ամինազին, գալոպերիդոլ կամ դրոպերիդոլ։ Այդ դեղորայքները թուլացնում են նաև հոգեկան դրդումը։ Ամինազինը նպաստում է ջերմության իջեցմանը։ Ցնցումների առկայության դեպքում կիրառվում են բարբիտուրատներ, քլորալ հիդրատ, մագնեզիումի սուլֆատ, սեդուքսեն։ Հակացնցումային միջոցները պետք է տրվեն մեծ զգուշությամբ և ցածր դեղաչափերով, որովհետև նրանք ևս կարող են ընկճել առանց այն էլ ընկճված շնչական կենտրոնը։


Անզուսպ փսխումների ժամանակ էլեկտրոլիտային խանգարված փոխանակության կարգավորման համար տրվում են կալիումի, նատրիումի և քլորի լուծույթներ։ Կատարվում են նաև ախտանշային բուժում, թթվածնաթերապիա, թոքաբորբի, թոքերի այտուցի կանխարգելման միջոցառումներ։


ՀԻՄՔԵՐ (ամոնիակ, անուշադրի սպիրտ և այլն)


Առավել հաճախ հանդիպում են անուշադրի սպիրտից առաջացող թունավորումները։ Հիմքերով թունավորման ախտանիշները նման են թթվային թունավորման ախտանիշներին։ Արտահայտված է տեղային այրող ազդեցությունը, որի հետևանքով խոր խոց է առաջանում։ Ներքին ընդունման ժամանակ մարսողական ուղու ծանր այրվածքներ են առաջանում, որոնք թունավորման առաջին ժամերից արդեն բերում են շոկի և կոլապսի զարգացման։ Առաջանում են որկորաստամոքսային արյունահոսություններ, ստամոքսի թափածակում։ Թունավորումից հետո հաճախ առաջացող բարդութուններից են որկորի և ստամոքսի սպիական նեղացումները։


Ամոնիակը և անուշադրի սպիրտն օժտված են շատ ուժեղ գրգռող ազդեցությամբ, ուստի թունավորման կլինիկայում կարևոր տեղ են գրավում աչքի շաղկապենու և բրոնխների լորձաթաղանթների գրգռման ախտանիշները։ Առաջանում է հաճախացած տանջալից հազ՝ լորձի կամ արյունային խորխի արտազատումով, հևոց, կապտուկ, կոկորդի այտուց։ Ծանր դեպքերում կարող են զարգանալ բրոնխոպնևմոնիա և թոքերի այտուց։


Բուժումը։ Ստամոքսի լվացում՝ գոլ ջրի և լիմոնաթթվի կամ քացախաթթվի 2%-անոց լուծույթով, կաթով։ Ներարկվում են ցավազրկող դեղորայք (պրոմեդոլ, օմնոպոն և այլն)։ Տե՛ս «Թթուներ»։


ՄԱՐԳԱՆՑԱԹԹՎԱԿԱՆ ԿԱԼԻՈԻՄ


Մանկական պրակտիկայում այս թունավորումը կապված է անփույթ խնամքի հետևանքով նրա պատահական ընդունման կամ սխալմամբ այլ դեղամիջոցի փոխարեն ընդունելու հետ։


Շատ ավելի ծանր ընթացք են ունենում բյուրեղական մարգանցաթթվական կալիումի ընդունումից առաջացող թունավորումները։
Թունավորման հիմնական կլինիկական արտահայտությունները կապված են դեղամիջոցի այրող և հեմատոտոքսիկ ազդեցության հետ։ Ընդունումից անմիջապես հետո կլման ժամանակ լինում են ցավոտություն, ցավեր ենթագդալի շրջանում, բարձրացած թքազատություն, փսխում արյան բծերով կամ, նույնիսկ, արյան մակարդուկներով, լուծ։ Շրթունքների, լեզվի, ըմպանի լորձաթաղանթները գորշամանուշակագույն են, այտուցված և արյունահոսող էրոզիաներով (քերծվածքներով) : Թունավորված երեխաների դեմքի, պարանոցի, ձեռքերի մաշկին կարելի է տեսնել մարգանցաթթվական կալիումի բյուրեղներից առաջացած կետավոր այրվածքներ։ Հաճախ լորձաթաղանթների ծանր այրվածքներից կարող է զարգանալ շոկ, իսկ կոկորդի այտուցը կարող է բերել ձայնաճեղքի խիստ նեղացման և շնչահեղձության։


Մարգանցաթթվական կալիումը ներծծվում է բարակ աղիքների վերին բաժիններում։ Կենտրոնական նյարդային համակարգում, լյարդում, երիկամներում, սրտում և թոքերում նրա պարունակության ավելացումը կարող է առաջացնել նշված օրգանների ֆունկցիաների խանգարումներ։ Ստամոքսահյութի իջած թթվայնության դեպքում հնարավոր է մեթհեմոգլոբինարյունություն՝ արտահայտված կապտուկով ու հևոցով։ Հաճախ առաջ են գալիս շարժողական դրդում, ցնցումներ։ Ենթասուր շրջանում հնարավոր են լյարդաերիկամային անբավարարություն, սրտի և երիկամների գործունեության խանգարումներ, թունային լյարդաբորբ։ Այս շրջանում երեխաների մահվան պատճառ կարող է դառնալ երկրորդային վարակի միացումը և թոքաբորբի, թարախակույտերի ու այլ սեպտիկ բարդությունների առաջացումը։


Բուժումը։
 Ստամոքսի լվացման համար օգտագործվում են հետևյալ հեղուկները։ 2 լիտր գոլ ջրին ավելացվում է կես բաժակ ջրածնի պերոքսիդի 3%-անոց լուծույթ և 1 բաժակ քացախաթթվի 2%-անոց կամ ասկորբինաթթվի 0,5-1%-անոց լուծույթ։ Բերանի լորձաթաղանթը մշակվում է ջրածնի պերոքսիդի 3%-անոց և քացախաթթվի 3%-անոց լուծույթների 1։1 հարաբերությամբ խառնուրդով կամ ասկորբինաթթվի 1%-անոց լուծույթով։ Ստամոքսի լվացումից հետո 30 րոպեի ընթացքում տալիս են խմելու 50-100 մլ ասկորբինաթթվի 0,5-1%-անոց լուծույթ։ Մեթհեմոգլոբինեմիայի հետ կապված կապտուկի դեպքում ներերակային ներարկվում է 20-30 մլ մեթիլենային կապույտի 1%-անոց լուծույթ, 20-30 մլ ասկորբինաթթվի 5%-անոց լուծույթ։ Ցնցումների ժամանակ նշանակվում է թիոպենտալ, ԳՕԿԹ (գամմաօքսի կարագաթթու) և այլն։ Կոկորդի այտուցի կանխարգելման և բուժման նպատակով կիրառվում են պարանոցը տաքացնող միջոցներ, նատրիումի հիդրոկարբոնատ, էֆեդրին, նովոկաին պարունակող աերոզոլային ինհալյացիաներ։ Շնչահեղձության դեպքում՝ տրախետոմիա։ Վարակի կանխարգելման նպատակով նշանակվում են հակաբիոտիկներ։ Ցուցված է վիտամինաթերապիան (B6, B12, E և այլն)։


ՇՄՈԼՔ (շմոլ, ածխաթթվային գազ, ածխածնի օքսիդ)


Գոյանում է ածխածնի ոչ լրիվ այրումից։ Շմոլի նկատմամբ երեխաներն ավելի զգայուն են, քան մեծահասակները և նրանց մոտ թունավորումներն արագ են զարգանում։ Ածխածնի օքսիդն արագ է ներծծվում և, անցնելով արյան մեջ, միանում է հեմոգլոբինային երկաթին, այն վերածելով կարբօքսիհեմոգլոբինի։ Վերջինս ունակ չէ դեպի հյուսվածքները թթվածին տեղափոխել, որի հետևանքով զարգանում է հյուսվածքային թթվածնաքաղց։ Հիպոքսիայից, առաջին հերթին, խանգարվում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիան։

 

Թունավորվածների մոտ առաջանում է գլխացավ, գլխապտույտ, զարկ քունքերում, ականջներում աղմուկ, սրտխառնոց, փսխում, արցունքահոսություն։ Զարգանում է մկանային թուլություն, կոմա, ցնցումներ։ Հնարավոր է գրգռվածություն։ Դեմքի մաշկը կարմրում է, ավելի ճիշտ դառնում կապտավուն մուգ կարմիր, տեսանելի լորձաթաղանթները` մորագույն-կարմիր երանգով։ Նկատվում է հաճախասրտություն, ընկնում է արյան ճնշումը, շնչառությունը դառնում է մակերեսային կամ նույնիսկ դադարում։ Կարող է զարգանալ թոքերի և ուղեղի այտուց։


Բուժումը։ Թունավորվածին անհրաժեշտ է անհապաղ հեռացնել վտանգավոր շինությունից և դուրս բերել մաքուր օդ, կատարել թթվածնային ինհալյացիա։ Թեթև թունավորման դեպքերում ներարկում են շնչառության խթանիչներ (լոբելին, ցիտիտոն, կորազոլ, կորդիամին, կոֆեին): Ծանր դեպքերում առաջին մի քանի րոպեներին տալիս են շնչելու 100%-անոց թթվածին, այնուհետև մի քանի ժամվա ընթացքում 80-90%-անոց թթվածնի և օդի խառնուրդ, հետագայում՝ 40-50%-անոց խոնավացրած թթվածին։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites